Ռեկտորատի ապրիլյան նիստը․ ակնհայտ առաջըթաց եւ հաղթահարելի մտահոգություններ

Ռեկտորատի ապրիլի 26-ի հերթական նիստը՝ ռեկտոր Վարդան Ուռուտյանի նախագահությամբ, քննարկեց ուսումնական պարապմունքների եւ 2022-2023 թ․ երկրորդ կիսամյակի ընթացիկ քննությունների կազմակերպման ընթացքը, ինչպես նաեւ Ա․ Քոչինյանի անվան քոլեջում կատարված ուսումնասիրության արդյունքները։
Օրակարգի առաջին հարցի վերաբերյալ դեկանների եւ քոլեջների տնօրենների զեկուցումներից եւ դրանց շուրջ քննարկումից պարզ դարձավ, որ ընդհանուր առմամբ առաջընթաց է արձանագրվել կարգապահության, հաճախելիության եւ առաջադիմության հարցերում, այլ խոսքով՝ ուսման որակի բարձրացման ուղղությամբ մշտական ջանքերը որոշակի առաջընթացի են հանգեցրել։ Աշխատանքային կիսամյակի ներդրման հաջողության խորապատկերին Ագրոնոմիայի ֆակուլտետում մեկնարկած արդեն երկրորդ կիսամյակի կազմակերպման որակի մեջ տարբերության վերաբերյալ ռեկտորի հարցին դեկան Արմենակ Տեր-Գրիգորյանի պատասխանը միանշանակ դրական էր․ ավելին՝ հերթական աշխատանքային կիսամյակ անցկացնելու համար գործընկեր ձեռնարկությունների հարաճուն պահանջարկը բավարարելու համար չունենք բավարար թվով ուսանողներ։
Ընթացիկ քննությունների առումով արձանագրվեց քննական հանձնաժողովների անդամների ընդհանուր կարծիքը՝ դրական տեղաշարժն ակնհայտ է՝ Ա․ Քոչինյաի անվան քոլեջում արձանագրված որոշակիորեն մտահոգիչ արդյունքներով հանդերձ։ Բացակայությունների նվազման միտում էլ կա, եւ դա, ինչպես նշեց ռեկտոր Ուռուտյանը, բոլոր ֆակուլտետներում կարգապահության բարձրացման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունք է, եւ աշխատանքը պետք է անընդհատական լինի։ Պրոռեկտոր Հրաչյա Զաքոյանը նույնպես արձանագրեց դրական տեղաշարժը, սակայն այն դեռեւս չհամարեց գոհացուցիչ․ ուսանողը պետք է շարունակաբար հետամուտ լինի իր ստացած ուսման որակին։ Ռեկտոր Ուռուտյանը նշեց, որ առաջիկայում գործարկվելիք Ուսանողների հաջողության կենտրոնը լավ հնարավորություններ կստեղծի ուսանողների հետ բազմակողմանի աշխատանքի առումով։
Ա․ Քոչինյանի անվան քոլեջում կատարված ուսումնասիրության արդյունքները ներկայացրեց Որակի գնահատման եւ ապահովման կենտրոնի տնօրեն Լիլիթ Զաքարյանը։ Կենտրոնը կատարել է հետազոտություն քոլեջի 6 ֆոկուս խմբերի՝ 62 մասնակիցների շրջանում։ Տիկին Զաքարյանը շեշտեց, որ հետազոտությունը որակական է եւ կարող են սուբյեկտիվ մոտեցումներ լինել։ Ինչեւէ, արձանագրվել են բավականին մտահոգիչ փաստեր թե կարգապահության, թե ուսանող-դասախոս հարաբերությունների, թե առաջադիմության հարցերում։ Հարցվողները բարձրացրել են, մասնավորապես, բարձր որոկավորում, մասնագիտական պատշաճ կարողությունների տեր փորձառու որոշ դասախոսների մանկավարժական հմտությունների բացակայության, փորձուսուցման որոշակի խաթարումների, Moodle հարթակից օգտվելու դժվարությունների, գնահատման հարցում որոշ դասախոսների սուբյեկտիվ մոտեցումների եւ այլ հարցեր, ընդհուպ մինչեւ դասախոսների աշխատավարձի մասին մտահոգությունը․․․ Քոլեջի տնօրեն Վարդան Վարդանյանը ոչ բոլոր պնդումների հետ համաձայնեց՝ ընդունելով հանդերձ հիմնավորված մտահոգությունները։
Լուծումներից մեկը, ընդ որում՝ գինեգործություն մասնագիտության ուսանողների փորձով ապացուցված, առաջարկեց ռեկտոր Ուռուտյանը՝ փորձուսուցումներն առհասարակ դարձնել դուալ համակարգով։