Քոլեջի ուսանողները հուզել ու հմայել էին գրեթե բոլորին. Դատապարտված ենք հզոր լինելու

Քոլեջի  եւ համալսարանի ուսխորհուրդների մշակույթի հանձնաժողովներն էին համատեղ նախաձեռնել «Հայրենիք» վերտառությամբ հրաշալի նախապատրաստված միջոցառումը: Կարինե Զարգարյանը, Լիանա Լազարյանը, Վոլոդյա Տոնականյանը ինքնուրույն մտահղացել- գրել էին սցենարը, որը վերջում աչքի էր անցկացրել հայերենի դասախոս Էմմա Մխեյանը:

Երիտասարդների նախաձեռնողականությունը առինքնող հատկանիշ է, ամենաբարձր դրվատանքի արժանի, հատկապես, որ ամեն ինչ մատուցվեց ճաշակով, չափի ճշգրիտ զգացողությամբ, նրբանկատորեն:

Փոքրիկ մանրապատումներ, սեփական նվագակցությամբ երգերի կատարումներ, ասմունք՝ ձոնված Հայրենիքին: Մեծ, անդավաճան սեր ու թախիծ, լավատեսության ապրեցնող չափաբաժին ու կամային որակներ: Ի մի էին այս հատկությունները, որ հույս ու համոզմունք է ներշնչում՝ դարձյալ մեր սրբազան հողը ամուր ձեռքերում է, ինչպես նախորդ  բոլոր սերունդների դեպքում՝ արարումի եւ նվիրումի պատրաստ խելացի, ուժեղ պատանիների: Նրանք են լինելու Հայրենիքի տերն ու խոնարհ ծառան:

Վերջում մասնակիցներին շնորհվեցին շնորհակալագրեր, երիտասարդներին քաջալերեցին պրոռեկտոր Հրաչյա Զաքոյանն ու քոլեջի տնօրեն Վարդան Վարդանյանը: