Մսարդյունաբերություն՝ ավանդույթներից մինչեւ ժամանակակից տեխնոլոգիաներ. դասախոսություն Նիյազովի համալսարանի համար

Հայաստանի ազգային ագրարային եւ Թուրքմենստանի Ս․ Ա․ Նիյազովի անվան գյուղատնտեսական համալսարանների միջեւ կնքված համագործակցության համաձայնագրի շրջանակում մայիսի 20-ին մսի եւ մասմթերքի տեխնոլոգիայի ամբիոնի դոցենտ Աննա Դաշտոյանը թուրքմեն դասախոսների եւ ուսանողների համար դասախոսություն է կարդացել «Սննդային հավելումների օգտագործումը մսարդյունաբերությունում» թեմայով։ Գործակցության շրջանակում ՀԱԱՀ-ի պրոֆեսոր Համլետ Մարտիրոսյանը շուրջ մեկ ամիս առաջ տեսադասախոսություն էր կարդացել «Գյուղատնտեսական մշակաբույսերի ընտրասերման եւ սերմնաբուծության արդի վիճակը եւ զարգացման ուղիները» թեմայով:

Թուրքմեն գործընկերների հետ թեմայի քննարկման ժամանակ դիտարկվել են շատ հետաքրքիր հարցեր, որոնք առնչվում են երկու երկրների՝ ավանդական, ազգային-մշակութային՝ երբեմն իրարից արմատապես տարբերվող, մոտեցումները այս հարցի նկատմամբ եւ ներկայացվող ոլորտի մերօրյա հաջողությունները: Անդրադարձ է եղել մսային հումքի ընտրությանը, որակին, վտանգավոր հավելումներին եւ բազում այլ ենթահարցերի: Եւ պատահական չէ, որ դասախոսությունն ու քննարկումը նախատեսվածի կրկնակի ժամածավալ են պահանջել:

Նիյազովցի մեր գործընկերները ցանկություն են հայտնել ծանոթանալու սննդի տեխնոլոգիայի ասպարեզում մեր համալսարանում կատարվող գիտահետազոտական ուսումնասիրությունների ընթացքին ու ձեռքբերումներին:

Լսարանն այնքան հետաքրքրված է եղել ներկայացված հիմնախնդրով, որ հույս են հայտնել, որ տեսանելի ապագայում նոր հանդիպումներ կլինեն դոցենտ Դաշտոյանի հետ:

Աննա Դաշտոյանը հատկապես տպավորված էր, որ թուրքմեն ուսանողները հանդիպմանը մասնակցել են ազգային տարազին բնորոշ տարրերով՝ տղաները թասակներով, աղջիկները՝ կապաներով: Պարզվում է, սա ուսանողների հիմնական հագուստն է, դասի ներկայանում են միայն այս հագուկապով: