Մեր կայացած, զորեղ փաղանգը. աշխարհի չափ հին ու միշտ նորացող ագրարային ոլորտը

ՀՀ էկոնոմիկայի նախարարության գործերի կառավարման վարչության պետի պաշտոնակատար Վահե Վարդապետյանը մասնագիտությունն ու բուհը ընտրեց անվարան (Ագրարայինից հետո ավարտել է նաեւ Կառավարման ակադեմիան): Ջավախքցի պապերի օրինակով տեսել – զգացել էր արարելու հմայքն ու քաղցրությունը: Հայաստանի համար միշտ էլ հեռանկարային, աշխարհի չափ հին, բայց միշտ նորացող ոլորտ է ագրարայինը: Առաջինը նստակյաց դարձած, առաջինը հող մշակած ժողովրդի համար այն միշտ էլ առաջնահերթություն է լինելու, եւ այդ ժողովրդի արարած բերքն ու բարիքն էլ՝ անկրկնելի, անշփոթելի, անուշահամ:

«Այսօր մարդկությունը լուրջ մարտահրավերների առաջ է կանգնած՝ պարենային անվտանգության եւ ապահովվածության հիմնահարցերը օրախնդիր են դարձել անգամ զարգացած երկրների համար, որոնք խիստ կարեւորում են օրգանական սննդամթերքը: Կառավարությունն այսօր աջակցում է ֆերմերին, եւ Հայաստանն իսկապես կարող է լինել առողջ սննդամթերք արտադրող եւ արտահանող առաջնակարգ երկիր: Մեր պտուղ-բանջարեղենը կարող են կոնյակից ոչ պակաս բրենդ դառնալ՝ աշխարհում ճանաչված ու փնտրված, բարձր գին ունեցող էկոսնունդ, որը կփոխհատուցի գյուղացու ջանքերը», – ոգեւորված ասում է Վահեն ու հիմնավորում, որ իրատեսական-հասանելի-իրագործելի ծրագրեր են դրանք: Համատեղ ներդաշնակ ու նպատակային աշխատանք է պետք։

Ի վերջո, հայրենիքը սիրել է պետք, իսկ ծնողների ու հայրենիքի սերը Վահեն անկարող է զատել: Երեք սերնդով հաշտ ու համերաշխ, սիրով առլեցուն ապրում են միասին՝ անբաժան, փոխլրացնող: Ասում է. «Ընտանեկան ջերմությունը շատ կարեւոր է: Երջանիկ է այն մարդը, որ երջանիկ է ընտանեկան հարկի ներքո: Ուրախ եմ, որ որդիներս պապիկի հետ են մեծանում»: Որովհետեւ պապը թոռներին պիտի փոխանցի իր իմաստությունն ու մեծ կենսափորձը: Բարության, հանդուրժողականության, սիրո դասերն ընտանիքում պետք է տեսնեն-սովորեն որդիները՝ Վանն ու Մոնթեն: Նրանք պիտի ավելի շենացնեն Հայրենիքը։