Կարեւոր քննարկում՝ «աշխատանքային ընտանիքում»

Ջրային եւ հողային ռեսուրսների կառավարման «նորաստեղծ» ամբիոնը (վարիչ՝ գ.գ.դ., պրոֆեսոր Գուրգեն Եղիազարյան) երկու՝ խոշոր, ավանդույթներով հարուստ, կայացած մասնագետներով հագեցած համարժեք միավորների մեկ ամբողջություն է դարձել:

Վերջին տարիներին ամենաարմատական փոփոխությունները կատարվեցին հենց Ճարտարագիտական ֆակուլտետում: Մասնագիտությունների անվանումներ, մասնագիտական կրթական ծրագրեր, առարկայական ցանկ՝ ամենը նորացվել է, որոշ դեպքերում՝ անճանաչելիության աստիճան: Այս փոփոխությունները մեկ մարդու կամ փոքր թիմի մտքի, երեւակայության արգասիք չեն կարող լինել: Իսկապես միահամուռ ջանքերի, խելք-խելքի տալու, համատեղ որոնելու անհրաժեշտություն կա:

Նման իրավիճակում բնական են նաեւ տարաձայնությունները, որոշ խնդիրներ տարբեր տեսանկյուններից դիտարկելու հնարավորությունը: Եւ որքան շատ լինեն տարբեր մոտեցումները, այնքան ավելի հեշտ կգտնվի անսխալ ճանապարհը: Չէ որ մարդիկ նեղ-անձնական հարցեր չէին քննարկում, այլ կրթությունը լավագույն ընթացքով տանելու մտահոգությամբ էին համակված: Այս ամենն օրինաչափ է: Նույնիսկ կասեինք՝ ուրախացնող, սա նշանակում է՝ կառավարման բաց, թափանցիկ, ազնիվ համակարգ ունենք:

Ամբիոնի այս՝ իր տեսակով մի քիչ անսովոր նիստին ներկա էին ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Հրաչյա Զաքոյանը, Ուսումնական գործընթացի կառավարման վարչության պետ Արմեն Աղասարյանը եւ ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի դեկան Արման Սիմոնյանը:

Քննարկումն իսկապես կարեւոր էր, ազնիվ, շիտակ, շարունակություն ենթադրող, նախ՝ այն պարզ պատճառով, որ կրթական ոլորտն անդադար նորացվելու, կյանքին համընթաց լինելու կարիք ունի: Եւ երկրորդ՝ շուտով մասնագիտական կրթական ծրագրերի հավատարմագրման գործընթացն է սկսվելու եւ մենք պարզապես պարտավոր ենք լիովին պատրաստ ու անթերի լինել: