Միջազգային շաբաթ Պանթեոնի հասարակական ու քաղաքական գիտությունների համալսարանում

2022 թ․-ի մայիսի 23-27 Հունաստանի Աթենք քաղաքի Պանթեոնի հասարակական ու քաղաքական գիտությունների համալսարանը Էրազմուս+ ՀԳ1 ծրագրի շրջանակներում կազմակերպել էր միջազգային շաբաթ, որին մասնակցեց նաև ՀԱԱՀ-ը։ Վերապատրաստման առաջին օրը բացման խոսքով հանդես եկավ միջազգային կապերի և համագործակցության պրոռեկտոր Մարիանա Պսիլլան, ով հակիրճ խոսեց համալսարանի տեսլականի և առաքելության մասին։ Այնուհետև համալսարանի միջազգային կապերի և Եվրոմիության բաժնի աշխատակիցները ավելի մանրամասն ներկայացրեցին համալսարանի ենթակառուցվածքները, ֆակուլտետները, բաժինները, գիտահետազոտական կենտրոնները և այլն։ Համալսարանի աշխատակիցների կողմից նաև խոսվեց Էրազմուս+ ՀԳ1 ծրագրին մասնակցած ուսանողների փորձի և Էրազմուս ուսանողների ցանցի մասին։

Այս շաբաթը նաև հագեցած էր մշակութային տարրերով, քանի որ մասնակիցները ստացան հունարեն լեզվի տարրական գիտելիքներ, և սովորեցին որոշ հունական պարեր։ Այցեր կազմակերպվեցին համալսարանի գիտական գրադարան և Աթենքի ազգային գրադարան, որոնց գործունեության մասին էքսկուրսավարները հաղորդեցին ամբողջական տեղեկություն։

Ավելի ուշ համալսարանի աշխատակիցները խոսեցին իրենց ամենահաջողված միջազգային ծրագրերի մասին։ Եղան Վասիլիս Նիկասի կողմից արված «Ռիցոնայի երեխաները» ֆոտոշարքի ցուցադրություններ և կարճ դասախոսություն Գերմանիայի Գարմիշ կենտրոնի պրոֆեսոր Փիթեր Փոլի կողմից «Ինչպե՞ս տալ Հունաստանի փախստականների ճամբարի երեխաներին հնարավորություն ձևավորել կրթության ապագան» խորագրով։

Մասնակից համալսարանի ներկայացուցիչներին հնարավորություն ընձեռվեց ներկայացնել իրենց համալսարանները։ Միջազգային կապերի դեպարտամենտից ՀԱԱՀ-ը ամբողջապես ներկայացրեց Սուսաննա Հայրապետյանը։

Ընդհանուր առմամբ միջազգային շաբաթը կազմակերպված էր մասնակից համալսարանների միջև համագարծակցության նոր եզրեր ստեղծելու համար։