Ինչ ունենք հեռավար կրթության այս հանգրվանում․ ռեկտոր Ուռուտյանը բանախոսել է Hero House-ի քննարկման ժամանակ 

Հունիսի 26-ին «Հեռավար կրթություն. Ուսուցման կառավարման համակարգեր եւ օժանդակ տեխնոլոգիաներ» թեմայով առցանց պանելային քննարկման բանախոսներից մեկը ՀԱԱՀ-ի ռեկտոր Վարդան Ուռուտյանն էր։ Քննարկումը կազմակերպել էր Hero House հաբը՝ Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ։ Բանախոսները քննարկեցին հայաստանյան բուհերում ուսուցման կառավարման համակարգերին (ՈւԿՀ) եւ հեռավար կրթության ձեւաչափերին առնչվող հարցեր, ինչպես նաեւ հանդես եկան օժանդակ տեխնոլոգիաների միջոցով հեռավար ուսուցումն ավելի արդյունավետ դարձնելու իրենց առաջարկներով եւ խորհուրդներով:

Ռեկտոր Ուռուտյանը մասնավորապես անդրադարձավ ճգնաժամային պայմաններում ՀԱԱՀ-ում ուսումնական գործընթացի հեռավար կազմակերպման գործիքակազմի բավականին հաջող օգտագործմանը, որը, սակայն, նա հակված չէ համարել լիարժեք գործող։ «Հեռավար կրթության համակարգը ենթադրում է ոչ միայն տեխնիկական, այլեւ բովանդակային, մեթոդաբանական, հայեցակարգային մոտեցումներ, վերջնարդյունքներին առավելագույնս հասնելու եղանակներ եւ առհասարակ արտակարգ իրավիճակներում հեռավար ուսուցման արդյունավետ համակարգի կայացում», – ասաց պարոն Ուռուտյանը։

Ճգնաժամը հարկադրեց, որ համալսարանը կտրուկ կերպով ավելացնի Moodle հարթակի օգտագործման ծավալները։ Երկու-երեք շաբաթվա ընթացքում դասընթացները 98 տոկոսով տեղադրվեցին հարթակ։ Մենք շատ արագ պատրաստեցինք տեսահոլովակներ Moodle եւ Zoom հարթակներից, ինչպես նաեւ ուսումական գործընթացի էլեկտրոնային կառավարման e-Buh համակարգից օգտվելու վերաբերյալ, ընդ որում դրանց օգտատերեր դարձան ոչ միայն մեր դասախոսները, այլեւ առհասարակ կրթական հանրությունը, նշեց պարոն Ուռուտյանը։ Նա կարեւոր համարեց նաեւ համալսարանի կայքում առցանց ուսուցման միասնական հարթակի տեղադրումը։

Շեշտելով բուհերի կառավարման համակարգի ավտոմատացման ու թվայնացման կարեւորությունը, ՀԱԱՀ-ի ռեկտորը նշեց, որ անցումը առցանց ուսուցմանը շատ ավելի ցնցումային կլիներ, եթե համալսարանը չունենար e-Buh համակարգը, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության Mulberry 2 համակարգը եւ Moodle-ը, որի մեջ ինտեգրեցինք Zoom-ը։

Քննարկման առանցքային թեմաներից մեկը առցանց ուսումնական գործընթացի որակի ապահովումն էր։ Այս առումով ռեկտոր Ուռուտյանը նշեց, որ գործընթացում բավականին շտկումներ են կատարվել՝ հիմնվելով ուսանողների եւ դասախոսների շրջանում անցկացված հարցումների միջոցով վերհանված կարիքների վրա։ Օգտագործել ենք նաեւ Zoom հարթակի հաշվետվողականության համակարգը, որը, ռեկտորի արտահայտությամբ, լրացուցիչ զգոնության է մղում։ Անշուշտ, իրենց դերն են խաղացել նաեւ էլեկտրոնային համակարգերի օգտագործման վերաբերյալ ուղեցույցները։ Որակի ապահովման առումով պարոն Ուռուտյանը արժեւորեց համալսարանի ՏՏ բաժնի աշխատակիցների աշխատանքը, որոնք «կցված են եղել ամբիոններին եւ, ըստ էության, 24/7 ռեժիմով եղել են դասախոսների կողքին եւ լուծել ի հայտ եկած խնդիրները»։

ՔՈՎԻԴ-19-ը տեխնոլոգիական թռիչքի հնարավորություն տվեց։ Այս առումով ռեկտոր Ուռուտյանը շատ բարձր է գնահատում պետություն-մասնավոր հատված-համալսարաններ համագործակցությունը, շեշտելով, որ դրա ընդլայնման ու խորացման շատ մեծ ներուժ կա՝ հաշվի առնելով դեռեւս չօգտագործված հնարավորությունները։

Քննարկմանն ամբողջությամբ կարելի է հետեւել այս հղմամբ․ https://www.facebook.com/watch/live/?v=297968041377629HYPERLINK “https://www.facebook.com/watch/live/?v=297968041377629&ref=watch_permalink”&HYPERLINK “https://www.facebook.com/watch/live/?v=297968041377629&ref=watch_permalink”ref=watch_permalink