Արգենտինայի հետ համագործակցության շրջանակում բացվել է փորձարարական դաշտի ցուցանակ

Ապրիլի 21-ին կայացել է Արգենտինայի եւ Հայաստանի միջեւ տեխնիկական համագործակցության շրջանակում գործող «Փորձացուցադրական դաշտի ստեղծման ինստիտուցիոնալ ամրապնդման» ծրագրի ցուցանակի բացումը: Ծրագիրը մշակվել է ՀԲԸՄ Հարավային Ամերիկայի մասնաճյուղի, Արգենտինայի Գյուղատնտեսական տեխնոլոգիաների ազգային ինստիտուտի  (INTA), Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, արգենտինական «Տիեռաս դե Արմենիա» ընկերության եւ ՀՀ-ում Արգենտինայի դեսպանության համատեղ ջանքերով:

Միջոցառմանը մասնակցում էին Հայաստանում Արգենտինայի Հանրապետության դեսպան Մարիանո Վերգարան, ՀԲԸՄ Արգենտինայի ներկայացուցիչները՝ ՀԲԸՄ Բուենոս Այրեսի գրասենյակի նախագահ Անտոնիո Սարաֆյանի գլխավորությամբ, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի պատվիրակությունը՝ պրոռեկտոր Մարիամ Մովսիսյանի գլխավորությամբ եւ «Տիեռաս դե Արմենիա» ընկերության ներկայացուցիչներ։

Դեսպան Մարիանո Վերգարան ընդգծեց համատեղ համագործակցության արժեքը եւ շնորհակալություն հայտնեց ծրագրում ներգրավված կառույցներին՝ մատնանշելով տեխնիկական համանման համագործակցության կարեւորությունը, որը շարունակական ընթացքի մեջ է Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում։

Ագրարային համալսարանի մասնագետներն իրենց հերթին ցուցադրեցին կատարված կառուցվածքային տեղադրումները եւ ՀԲԸՄ ներկայացուցիչներին ներկայացրեցին համագործակցության ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքների ընթացքը:

Համագործակցության շրջանակում Ոսկեհատի ուսումնափորձարարական տնտեսությունում ստեղծված դաշտում կիրառվող բանջարեղենի աճեցման արգենտինյան նորագույն տեխնոլոգիաները հասանելի են ոչ միայն ՀԱԱՀ ուսանողներին, այլեւ հետազոտողներին, դասախոսներին, տարածաշրջանի ֆերմերներին։ Պարբերաբար տեղի է ունենում նաեւ դասախոսների վերապատրաստման-փորձի փոխանակման միջոցառումներ։