ՀԱԱՀ-ում SMARTI նախագծի արդյունքներն արդեն նկատելի են

Փետրվարի 16-ին Ագրարային համալսարանը հյուրընկալել էր  SMARTI («Աջակցություն ագլերենով դասավանդման նորարարական մեթոդաբանությանը, մոտեցումներին եւ գործիքներին՝ կրթության արդյունավետությունը, կայունությունը  եւ միջազգայնացումը բարելավելու նպատակով») նախագծի գործընկեր ուսումնական հաստատության` Լիվերպուլի Ջոն Մուրսի համալսարանի ներկայացուցիչներ Ամանդա Մասոնին և Քեյսի Բոմոնտին:

Հանդիպման առաջին մասում Ագրիթեք սրահում հյուրերը վարպետության դաս անցկացրեցին ՀԱԱՀ ուսանողների եւ աշխատակիցների համար՝ ներկայացնելով բարձրագույն կրթության ոլորտում կիրառվող թվային գրագիտության ուսանողակենտրոն ժամանակակից  մոտեցումները ինչպես դասավանդման, այնպես էլ ուսումնառության մեջ: Տեսակապով դասին միացել էին նաև  այլ ուսանողներ SMARTI նախագծի հայաստանյան մյուս գործընկեր բուհերից՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիայից, Գորիսի, Վանաձորի եւ Շիրակի պետական համալսարաններից: Վարպետաց դասը հրաշալի հնարավորություն էր ուսանողների համար սովորելու եւ կիրառելու թվային կարեւոր գործիքներ՝ ուսումնառության գործընթացը դարձնելով ավելի դյուրին եւ արդյունավետ: Մասնակիցները հետաքրքրությամբ ունկնդրեցին մասնավորապես ուսումնական գործընթացում արհեստական բանականության հնարավորությունների օգտագործման, թվային տեխնոլոգիաների հասանելիության հարցում կրթության շահառուների զանազան խմբերի համար հավասար հնարավորությունների ստեղծման վերաբերյալ հյուրերի ներկայացրած հայեցակարգերն ու գործելակերպերը։

Օրվա երկրորդ կեսին հյուրերն արդեն ունկնդրի դերում էին: Նրանք Ագրարային համալսարանի դասախոսների ու տարբեր ստորաբաժանումների վարչական աշխատակիցների հետ ունկնդրեցին SMARTI նախագծի ՀԱԱՀ ներկայացուցիչներ հետազոտող-դասավանդող Լիանա Վարդանյանին եւ  ճշգրիտ գյուղատնտեսության մասնագետ Սերյոժա Կարապետյանին:

Տիկին Վարդանյանը գործընկերներին ներկայացրեց «Անգլերենը որպես դասավանդման միջոց. բանավոր դասավանդման հմտություններ» թեման, հաղորդակից դարձրեց անգլերենով բանավոր դասավանդման մի շարք ժամանակակից մեթոդների: Տեսական հետաքրքիր, ինտերակտիվ դասախոսությունից հետո մասնակիցները, միավորվելով 6 խմբերում, կատարեցին թիմային աշխատանք՝ ամրապնդելով ստացած գիտելիքները: Երկրորդ՝ «Անգլերենը հատուկ նպատակների համար» մոդուլի շրջանակում ճշգրիտ գյուղատնտեսության ՀԱԱՀ մասնագետ Սերյոժա Կարապետյանը անգլերենով գործընկերներին ներկայացրեց  ճշգրիտ գյուղատնտեսության ոլորտում կիրառվող նորագույն տեխնոլոգիաներն ու ժամանակակից միտումները:

Դասընթացի վերջում ծավալվեց ակտիվ քննարկում․ ուրախալի է, որ դասընթացի մասնակիցներն իրենց հետաքրքրող հարցերն անգլերեն լեզվով ուղղեցին  բանախոսներին՝ ստանալով սպառիչ պատասխաններ: Լսելով կողմերին՝ SMARTI նախագծի արտասահմանյան մեր գործընկեր Քեյսի Բոմոնտը իր հիացմունքն ու գոհունակությունն արտահայտեց ՀԱԱՀ գործընկերների հանդեպ. դասընթացավարներին՝  հետաքրքիր ու բովանդակալից դասընթացի, իսկ մասնակիցներին՝  ակտիվ ներգրավածության համար: