Ագրարային համալսարանը լավ սովորելու հաստատություն է․ Հրաչյա Զաքոյան

Քոլեջի համալրում

ՀԱԱՀ Անտոն Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի նոր համալրմանը մեծ դահլիճում ողջունեցին տնօրենը՝  Վարդան Վարդանյանը, պրոռեկտոր Հրաչյա Զաքոյանը եւ Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժնի վարիչ Լիանա Վարդանյանը:

Պրոռեկտոր Հրաչյա Զաքոյանը ողջունեց նորեկ-սաներին եւ «համեստության սահմանները հատելով» նշեց, որ նրանք հայտնվել են ուսման համար նպաստավոր վայրում, որտեղ բովանդակությունը վեր է ձեւականությունից, որտեղ գիտելիքի կարեւորության մասին հիշում են ոչ միայն սեպտեմբերի 1-ին:

Իսկ քոլեջում փոփոխությունները ակնառու են, էական, շահեկանորեն տարբերվող համանման կրթական հաստատություններից: Այս տարի շուրջ 30 տոկոսով ավելացել է ընդունվողների թվաքանակը, որը միահամուռ աշխատանքի արդյունք է: Մասնագիտական վեց կրթական ծրագիր իրականացվում է դուալ համակարգով:

Ի դեպ, դուալ կրթության եւ միջազգային համագործակցության մասին տեղեկատվությունը հատկապես բուռն խանդավառությամբ էին ընդունում դահլիճում ներկա մայրիկները, որոնք ոգեւորությամբ բացականչում էին.

-Տե՜ս, ինչ լավ է, կարող ես սովորել ու աշխատել մասնագիտությամբ, տե՜ս ինչ հրաշալի գործընկերներ ունի համալսարանը, տեեեես, որ լավ սովորես, արտասահմանում սովորել-վերապատրաստվելու հնարավորություն ունես:

Այո, Ագրարայինը ժամանակի հետ քայլելու հնարավորություն է տալիս իր սաներին, մնում է, որ նպատակասլաց սովորեն…