Քոլեջի համալրում
ՀԱԱՀ Անտոն Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի նոր համալրմանը մեծ դահլիճում ողջունեցին տնօրենը՝ Վարդան Վարդանյանը, պրոռեկտոր Հրաչյա Զաքոյանը եւ Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժնի վարիչ Լիանա Վարդանյանը:
Պրոռեկտոր Հրաչյա Զաքոյանը ողջունեց նորեկ-սաներին եւ «համեստության սահմանները հատելով» նշեց, որ նրանք հայտնվել են ուսման համար նպաստավոր վայրում, որտեղ բովանդակությունը վեր է ձեւականությունից, որտեղ գիտելիքի կարեւորության մասին հիշում են ոչ միայն սեպտեմբերի 1-ին:
Իսկ քոլեջում փոփոխությունները ակնառու են, էական, շահեկանորեն տարբերվող համանման կրթական հաստատություններից: Այս տարի շուրջ 30 տոկոսով ավելացել է ընդունվողների թվաքանակը, որը միահամուռ աշխատանքի արդյունք է: Մասնագիտական վեց կրթական ծրագիր իրականացվում է դուալ համակարգով:
Ի դեպ, դուալ կրթության եւ միջազգային համագործակցության մասին տեղեկատվությունը հատկապես բուռն խանդավառությամբ էին ընդունում դահլիճում ներկա մայրիկները, որոնք ոգեւորությամբ բացականչում էին.
-Տե՜ս, ինչ լավ է, կարող ես սովորել ու աշխատել մասնագիտությամբ, տե՜ս ինչ հրաշալի գործընկերներ ունի համալսարանը, տեեեես, որ լավ սովորես, արտասահմանում սովորել-վերապատրաստվելու հնարավորություն ունես:
Այո, Ագրարայինը ժամանակի հետ քայլելու հնարավորություն է տալիս իր սաներին, մնում է, որ նպատակասլաց սովորեն…