Գյուղկենդանիների սաղմերի փոխպատվաստման վերաբերյալ միջազգային գիտաժողով ՂԱԱՀ-ում

Հունիսի 23-ին Ղազախստանի ազգային ագրարարային համալսարանը և Անասնաբուծության և կենսառեսուրսների գիտահետազոտական ինստիտուտը համատեղ կազմակերպել էին միջազգային գիտաժողով-խորհրդակցություն, որը նվիրված էր գյուղատնտեսական կենդանիների սաղմերի փոխպատվաստման խնդիրներին։

Գիտաժողովին մասնակցում էին գյուղատնտեսական կենդանիների սաղմերի փոխպատվաստման ոլորտի առաջատար մասնագետներ Հունգարիայից, Հարավային Կորեայից, Չինաստանից, Ռուսաստանից, Հայաստանից, Ղրղզստանից, Ղազախստանից, ինչպես նաև հյուրընկալող երկրի տոհմային տնտեսությունների, գիտակրթական հանրության ներկայացուցիչներ: Մեր երկիրն ու Հայաստանի ազգային ագրարային համալսարանը ներկայացնում էին ՀԱԱՀ Անասնաբուծության ամբիոնի վարիչ Տիգրան Չիթչյանը և նույն ամբիոնի դասախոս Ժիրայր Չիթչյանը:

Մասնակիցները ներկայացրեցին սաղմերի փոխպատվաստման գծով իրենց երկրներում կատարվող աշխատանքների վիճակն ու կենսատեխնոլոգիայի այդ ճյուղի զարգացման միտումներն ու հեռահար հնարավորությունները։ Տիգրան Չիթչյանը ներկայացրել է այս ոլորտում մեր երկրում անցյալում իրականացված և այսօրվա գործընթացները:

Գիտաժողովում ծավալված քննարկումների հիմնական թիրախը սաղմերի փոխպատվաստման միջոցով մաքրացեղ գյուղատնտեսական կենդանիներ ստանալն է: Այս եղանակի ակնհայտ առավելությունը արհեստական սերմնավորման համեմատությամբ այն է, որ փոխպատվաստումը հնարավորություն է տալիս արդեն առաջին տարում ստանալ մաքրացեղ կենդանիներ՝ ոչ մաքրացեղ մայրերից:

Տիգրան Չիթչյանը ՀԱԱՀ-ի ղեկավարության կողմից շնորհակալություն է հայտնել ՂԱԱՀ-ի գիտության գծով պրոռեկտոր Ալեքսանդր Կուրդեկոյին, որն առաջարկել է մեր երկու համալսարանների միջև կնքել համագործակցության պայմանագիր՝ սաղմերի փոխպատվաստման լաբորատորիայի ստեղծման և առհասարակ ագրարային տեխնոլոգիաների ուղղությամբ համագործակցության վերաբերյալ: