Գործակցային հուշագիր Դելոյթ Քոնսալթինգի եւ Բոուլդերի՝ Կոլորադոյի համալսարանի հետ

Դեկտեմբերի 20-ին համագործակցության հուշագիր ստորագրեցին ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը եւ «Դելոյթ Քոնսալթինգ» ընկերության հայաստանյան լիազոր ներկայացուցիչ Արմեն Վարոսյանը։  Հուշագրով ընկերությունը եւ ՀԱԱՀ-ն, ինչպես նաեւ Բոուլդերի՝ Կոլորադոյի համալսարանը (ԱՄՆ) պարտավորվում են գործակցել Հայաստանի Հանրապետությունում ջրային ոլորտի կառավարման մոտեցումների բարելավման, ջրի հասանելիության հավասար հնարավորությունների ստեղծման ուղղությամբ՝ պահպանելով եւ խնայելով ջրային ռեսուրսները, դրանց որակը եւ շրջակա միջավայրը։

Հուշագրի ստորագրմանը առցանց ներկա էին Դելոյթ Քոնսալթինգ կառավարիչ-տնօրեն Դեյվիդ Սպիրան, Բոուլդերի՝ Կոլորադոյի համալսարանի դասախոս Կարլո Սալվինելին, Դելոյթի ենթակառույցների եւ ֆինանսական գծով խորհրդատվության վերլուծաբան Ջուլիետ Ֆարկասը, Բոուլդերի՝ Կոլորադոյի համալսարանի Մորթենսոն կենտրոնի նախագծի ղեկավար, բնապահպանական ճարտարագետ Քեթ Դերմարեան, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Լիլիթ Հարությունյանը։

ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը, ողջունելով ներկաներին, գոհունակություն արտահայտեց հուշագրի ստորագրման առթիվ։ Շնորհակալություն հայտնեց Դելոյթ Քոնսալթինգին եւ Կոլորադոյի համալսարանին՝ Ագրարային համալսարանը որպես Հայաստանի համար կարեւոր նախագծի գործընկեր դիտարկելու համար։ Նշեց, որ ծրագրի ընդհանուր հաջողությանը ՀԱԱՀ-ն ի սպաս կդնի ենթակառուցվածքային հնարավորությունները, մասնագետների փորձն ու գիտելիքները։ Ռեկտորն ուրախությամբ նշեց նաեւ ծրագրի շրջանակում ուսանողների եւ դասախոսների կարողությունների զարգացման նոր հնարավորությունը։

Դելոյթ Քոնսալթինգ կառավարիչ-տնօրեն Դեյվիդ Սպիրան բարձր գնահատեց ՀԱԱՀ-ի հետ համագործակցության հնարավորությունը, մասնավորապես գիտահենք որոշումներ կայացնելու հարցում պետական մարմիններին օժանդակելու, Կոլորադոյի համալսարանի հետ փոխանակումների առումով։ «Սա մեր համագործակցության սկիզբն է, համոզված եմ, որ համատեղ գործունեության համար նորանոր հնարավորություններ են բացվելու, ընդ որում սա ոչ թե պարզ համագործակցություն է, այլ ներդրում ապագայի մեջ», – ասաց պարոն Սպիրան։

«Ես եղել եմ Ագրարային համալսարանում, տեսել եմ ձեր նորարարական լաբորատորիաներն ու ուսումնառության համար ստեղծված գերազանց միջավայրը, որոնք կնպաստեն ջրային ոլորտի հարակայունությունն ապահովելու առումով։ Ինձ համար մեծ պատիվ է համագործակցել ձեր համալսարանի հետ։ Վստահ եմ, միասին կկարողանանք լուծումներ գտնել՝ ոլորտում առկա մարտահրավերներին ընդառաջ», – ասաց Բոուլդերի՝ Կոլորադոյի համալսարանի դասախոս Կարլո Սալվինելին։ Առցանց դասընթացների եւ ուսանողների փորձուսուցումների համատեղ ծրագրեր կազմակերպելու նրա առաջարկը գոհունակությամբ ընդունվեց։

Համագործակցության փաստը ողջունեցին եւ հեռանկարը բարձր գնահատեցին նաեւ Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի դեկան Արման Սիմոնյանը եւ Ջրային եւ հողային ռեսուրսների կառավարման ամբիոնի վարիչ Գուրգեն Եղիազարյանը։

Գործակցային եւ բարեկամական մթնոլորտում անցած հանդիպման ժամանակ քննարկվեցին հետագա համատեղ աշխատանքների ուղղությունները, մասնավորապես 2024 թ․ ներդրվելիք՝ Բոուլդերի՝ Կոլորադոյի եւ Ագրարային համալսարանների համատեղ հավաստագրային ծրագիրը։