Գիտխորհրդի հուլիսյան նիստում կարեւոր փոփոխություններ կատարվեցին

Հուլիսի 6-ին, ռեկտոր Վարդան Ուռուտյանի նախագահությամբ, տեղի ունեցավ Գիտական խորհրդի հերթական նիստը։ Օրակարգի հիմնական հարցերից մեկը ՀԱԱՀ Ամբիոնի կանոնակարգի 4-րդ կետի դրույթների քննարկումն էր։

Հարցի վերաբերյալ զեկուցումով հանդես եկավ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Հրաչյա Զաքոյանը։ Ուսումնական գործընթացի եւ կառավարման արդյունավետության բարձրացմամբ թելադրված փոփոխությունը հիմնավորեցին թե պրոռեկտոր Զաքոյանը եւ ռեկտոր Ուռուտյանը եւ թե դեկանները։ Կարծիքները եւ առաջարկությունները տարբերվում էին եւ քննարկումն էլ բավականին բուռն ու շահագրգիռ էր եղած բեռնվածքի պայմաններում հաստիքների համալրման եւ լրիվ դրույքով աշխատող մասնագետների թվի հարցում։

Հնչած առաջարկությունները ի մի բերելուց հետո պրոռեկտոր Հրաչյա Զաքոյանն ի վերջո  քվեարկության դրեց երկու ամփոփ առաջարկ, որոնցից, ձայների գերակշիռ մեծամասնությամբ անցավ յուրաքանչյուր ամբիոնում 6 հաստիք եւ մեկ դրույքով աշխատող 3 աշխատակից (ներառյալ ամբիոնի վարիչը) ունենալու տարբերակը։ Գիտական խորհրդի որոշմամբ համապատասխան փոփոխություն կատարվեց ՀԱԱՀ Ամբիոնի կանոնակարգի 4-րդ կետում։ Ռեկտոր Ուռուտյանը փոփոխությունը որակեց որպես ընթացիկ անհրաժեշտություն․ ագրոտեխնոլոգիական համալսարանի անցման հաջորդ փուլն իր հավանական շտկումները կմտցնի՝ կառուցվածքային վերափոխումների միջազգային միտումներին համահունչ։

Օրակարգի հիմնական մյուս հարցը վերաբերում էր երիտասարդ աշխատակիցների եւ դասախոսների առաջխաղացման վիճակին եւ բարելավման հնարավորություններին։ Դեկանների զեկուցումներից ընդհանուր եզրակացությունն այն է, որ դասախոսական կազմի երիտասարդացման առումով վիճակը «չափավոր լավատեսական» է։ Այդ մասին են վկայում թե ֆակուլտետներում դասախոսական կադրերի միջին տարիքը եւ թե, մանավանդ, երիտասարդացման ուղղությամբ գործադրվող ջանքերը, մասնավորապես՝ գիտական գործունեության խրախուսումը եւ վերապատրաստումների լայն հնարավորությունները Հայաստանում եւ արտերկրում։

Ամփոփելով դեկանների հնչեցրած վերլուծությունները, պրոռեկտոր Զաքոյանը խոսեց հստակ օբյեկտիվ չափանիշների մասին, որոնք հետեւողականորեն կիրառվելու են՝ մարդկանց մասնագիտական առաջխաղացումն ապահովելու համար։

Ընթացիկ հարցերի շարքում քննարկվեցին դիպլոմային աշխատանքներում եւ մագիստրոսական թեզերում գրագողությունը բացառելուն ուղղված միջոցառումները։ Համենայնդեպս, այս հարցում ռեկտոր Ուռուտյանի սկզբունքային դիրքորոշման շնորհիվ այս երեւույթի համար այլեւ տեղ չի թողնվելու։

Հաստատվեց նաեւ ՀԱԱՀ հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարանի բարելավված կանոնակարգը, որում փոփոխություններ են կատարվել՝ ելնելով Հանրակրթության մասին օրենքում կատարված փոփոխություններից։