Գիտահետազոտական գործունեությունը էլ ավելի խթանող փոփոխություններ կանոնակարգում

2021-ի մարտին գիտխորհուրդը, եթե ոչ երկրում առաջինը, ապա բուհերից առաջիններից մեկը ընդունեց գիտական գործունեությունը խրախուսող լրավճարների կարգ: Սա շատ կարեւոր քայլ էր, որի շնորհիվ էապես-տեսանելիորեն աշխուժացավ մեր գիտահետազոտական կյանքն ու շոշափելի դարձան արդյունքները: Իսկապես քաջալերող խթան էր սա:

Օրերս, գիտխորհրդի վերջին նիստում ընդունվեցին այդ կանոնակարգի լրացումներն ու փոփոխությունները: Խմբագրական բնույթի թեթեւ-գեղագիտական շտկումները (օրինակ՝ «պրոֆեսորադասախոսական»-ը դարձավ «գիտական անձնակազմ») շրջանցելով ներկայացնենք առավել էականները:

Լրավճարների ցանկից հանվել են գիտական ցածր արժեք ունեցող թեզիսները, պաստառները, գիտատեղեկատվական ոչ հայտնի շտեմարաններում ընդգրկված պարբերականների հոդվածները:

ՀՀ ԲՈԿ-ի, ՌԴ ԲՈՀ-ի սահմանած ցուցակներում, հումանիտար գիտությունների եւրոպական հղման ցուցիչի միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում ընդգրկված պարբերականներում տպագրված հոդվածների համար գործող կարգով սահմանված 35000-ի փոխարեն առաջարկվում է 40000 դրամ լրավճար։

Սկոպուս (Scopus) և Վեբ օֆ Սայընս (Web of Science) միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում ընդգրկված պարբերականներում տպագրված հոդվածների 65000 դրամի փոխարեն՝ Q1 (Scopus և Web of Science) մակարդակի ամսագրերում տպագրված հոդվածի համար սահմանվել է 200000, Q2-ը՝ 150000, Q3-ը՝ 125000, Q4-ը՝ 100000 դրամ։

Նույն ցանցում ընդգրկված հրատարակչություններում տպագրված մենագրությունների համար առաջարկվել է սահմանել 200000 դրամ։

ՀՀ արտոնագրերի մեկ միավորի համար սահմանված 45000 դրամ լրավճարը կավելանա տասը հազարով։

Տեղական գիտահետազոտական դրամաշնորհի համար սահմանված 75000 լրավճարը կդառնա 100000 դրամ։

Հաշվետվությունների եւ հոդվածների տպագրության ժամանակացույցի խզվածքի դեպքում, որոշումը կկայացվի հօգուտ հեղինակների: Ի դեպ. հեղինակային խմբի դեպքում հավելավճարը բնականաբար պետք է բաժանվի բոլորի միջեւ՝ հավասարաչափ:

Գիտական թեմաների շրջանակում կատարված հրապարակումների համար լրավճար տրամադրվում է միայն Սկոպուս և Վեբ օֆ սայնս գիտատեղեկատվական շտեմարաններում ընդգրկված պարբերականներին եւ մենագրություններին։

Սահմանված աշխատանքների կատարման համար տվյալ օրացուցային տարում ՀԱԱՀ աշխատակցի համար հաշվարկվող լրավճարի առավելագույն չափը սահմանվել է 800000 դրամը (ներառյալ հարկերը), գործող կարգով սահմանված 750000-ի փոխարեն: