Դպրոցների տնօրենները ՀԱԱՀ-ում էին․ այժմ շտապում են տեղեկացնել իրենց աշակերտներին․․․

Ապրիլի 15-ին Ագրարային համալսարանը հատուկ հյուրերի էր ընդունել․ վարժարանի տնօրեն Արաքս Հակոբյանի նախաձեռնությամբ համալսարանում էին Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Արագածոտնի եւ Երեւանի 23 դպրոցների տնօրեններ եւ ծնողական հանրության մի քանի ներկայացուցիչներ։

Ճանաչողական, դպրոցների աշակերտների մասնագիտական կողմնորոշման եւ հետագա համագործակցության նպատակներ հետապնդող այցով Ագրարային համալսարանում գտնվող մանկավարժներին Ագրոթեք ինկուբատորի լսարանում նախ ընդունեց Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժնի վարիչ Լիանա Վարդանյանը եւ ներկայացրեց համալսարանի ուսումնական ծրագրերի ու կրթական միջավայրի արդիականացման պատկերը։

Ավելի ուշ, նույն վայրում տնօրենները հանդիպում ունեցան ռեկտոր Վարդան Ուռուտյանի հետ, որը բակալավրիատի եւ մագիստրատուրայի մակարդակներում համալսարանում առաջարկվող նոր եւ նորացվող մասնագիտությունների անհրաժեշտությունը դիտարկեց երկրի ազգային անվտանգության կարեւորագույն մաս կազմող պարենային անվտանգության, գյուղատնտեսության եւ ագրոբիզնեսի ոլորտներում մասնագիտական հաջող կարիերա անելու առկա եւ պոտենցիալ հնարավորությունների, ագրարային մասնագիտությունների տեխնոլոգիացման բնականոն ընթացքի տեսակետից։ Ինչպես ռեկտոր Ուռուտյանը, այնպես էլ Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի դեկան պրոֆեսոր Էդուարդ Ղազարյանը եւ Անասնաբուժական բժշկագիտության եւ անասնաբուծության ֆակուլտետի դեկան Արեւիկ Աբովյանը դպրոցների ղեկավարներին եւ ծնողներին հավաստիացրեցին, որ համալսարանի դռները բաց են համագործակցության համար։

Մանկավարժական պատկառելի պատվիրակությունը, որ ռեկտորի հետ հանդիպումից առաջ հասցրել էր լինել Ջրային եւ հողային ռեսուրսների հետազոտական կենտրոնում, Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնում եւ քիմիայի լաբորատորիաներից մեկում՝ հաղորդակից դարձրեցին իրենց դրական տպավորություններին եւ համագործակցության իրե´նց առաջարկներն արեցին (ինչպես նշեց Վաղարշապատի թիվ 5 ավագ դպրոցի տնօրեն տիկին Սաֆարյանը՝ «հենց հիմա սկսենք, իսկ հուշագիրը հետո կստորագրենք») եւ շնորհակալություն հայտնեցին ջերմ ընդունելության եւ համակողմանի տեղեկությունների համար։

Հյուրերն այնուհետեւ շարունակեցին շրջայցը, եղան համալսարանի ջերմատանը, Հացի, հրուշակեղենի եւ շոկոլադագործության լաբորատորիայում ու Գարեջրի եւ թորման լաբորատորիայում։ Ծանոթացան արդիական տեխնոլոգիաներով հագեցած այս ենթակառույցների աշխատանքին եւ դրանց միջոցով ուսանողների եւ կարճաժամկետ դասընթացների մասնակիցների մասնագիտական ու հետազոտական հմտությունների զարգացման հնարավորություններին, համտեսեցին ուսանողների պատրաստած անուշահամ գարեջուրն ու շոկոլադը։

Վարժարանը, Կարիերայի կենտրոնը եւ ամբողջ համալսարանը հաջորդիվ սպասում են դպրոցների աշակերտների այցին, ինչպես նաեւ մեր մասնագիտական խոսքին՝ նրանց փոքրիկ օժանդակ տնտեսությունները զարգացնելու համար։