Ավարտաճառերի պաշտպանություն. Ով որ խմի՝ անուշ լինի

Անուշ լինեն մեր շրջնավարտների նոր հերթափոխի ստեղծելիք գինիները: Ներկայացվող մասնագիտության ուսանողները միշտ աչքի են ընկել գիտելիքների լայն ընդգրկմամբ-մտահորիզոնով եւ իրենց ընտրած ոլորտի հանդեպ անհուն սիրով: Անմնացորդ սիրով:

Այս կուրսը բացառություն չէր: Ավելին, այստեղ շատ են ընդունակ, խելացի, նպատակասլաց երիտասարդները, որոնք հենց առաջին կուրսից ջատագովը դարձան իրենց ապագա մասնագիտության՝ փորձուսուցում, գինեձոներ, փառատոներ: Ամենուր նրանք կային՝ ուշիմ, սովորելու պատրաստ, աշխույժ, գործին նվիրված:

Պաշտպանությունների համար առանձնացված լսարանում տոնական տրամադրություն էր իշխում: Ժպտում են բոլորը՝ ուսանողները, ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի անդամները, նախագահը՝ Տիգրան Խաչատրյանը: Շատերին նրանք արդեն նկատել-տեսել են գործի մեջ: Գիտեն երիտասարդների կարողությունները, նաեւ թերի գծերը, որոնք անպատճառ կշտկվեն ավագների օգնությամբ: Ստուգիչ հարցերն էլ հնչում էին անչար.

– Խմորեցիր, հետո՞, մամլումը երբ ես անում…

– Տրամաբանիր…

– Մի շտապիր…

– Հուզվելու պատճառ չկա…

Իսկապես՝ չկար: Եւ բարյացակամ միջավայրն էլ նախադրյալ էր, որ ուսանողները դասախոսների հետ տարիների համատեղ աշխատանքը փայլուն ավարտեն: