Աշխատանքային կիսամյակից՝ աշխատանքի. Պարենամթերքի տեխնոլոգները ներկայացրին իրենց ձեռքբերումները

Այսօր՝  փետրվարի մեկին, «Պարենամթերքի տեխնոլոգիաներ» մասնագիտության չորրորդ կուրսի ուսանողներն ամփոփեցին աշխատանքային կիսամյակի արդյունքները: Նախքան ուսանողների ելույթները ֆակուլտետի դեկան Սմբատ Դավեյանը ողջունեց արդյունքների ամփոփմանը ներկա ուսանողներին ու գործընկերներին՝ ընդգծելով, որ արդեն երկրորդ տարին է ֆակուլետի ուսանողները փորձուսուցումը, որպես աշխատանքային կիսամյակ, հաջողությամբ անցկացնում են ոլորտի առաջատար ընկերություններում՝ ձեռք բերելով մասնագիտական կարեւոր հմտություններ:

«Նրանցից շատերը, փորձուսուցման ընթացքում կայանալով որպես մասնագետներ, անմիջապես աշխատանքի են անցնում նույն կամ գործընկեր կազմակերպություններում: Այս տարի աշխատանքային կիսամյակի ավարտից անմիջապես հետո ֆակուլտետի 42 ուսանողից 13-ն արդեն աշխատում են այն ընկերություններում, որտեղ անցել են փորձուսուցում: Շատերն էլ ստացել են աշխատանքի առաջարկ այլ կազմակերպություններում»,-ուրախությամբ նշում է պարոն Դավեյանը՝ նկատելով, որ մեր  համալսարանի կենսագրության ու առհասարակ Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում բոլորովին վերջերս ներդրված աշխատանքային կիսամյակը կարելի է համարել կայացած:

Պարենամթերքի ապագա տեխնոլոգ ուսանող-փորձնակները նախորդ ուսումնական կիսմայակն անցկացրել են «Երեմյան փրոջեքթս», «Դուստր Մարիանա», «Սպայկա» («Սամբիել» ապրանքանիշ), «Բնակաթ»,  «Նոյան», «Աթենք», «Հոմլենդ» եւ այլ ընկերություններում՝ ուսումնասիրելով բուսաբուծական եւ անսանաբուծական ծագման մթերքների արտադրման ամբողջ գործընթացը ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ:

«Փորձուսուցման ընթացքում ձեռք բերած հմտություններն ու գործնական գիտելիքները շատ կարեւոր են լավ մասնագետ դառնալու համար եւ հակառակը՝ առանց համալսարանում ստացած տեսական գիտելիքների արտադրամասում աշխատելը նման կլինի մեխանիկական գործողությունների շղթայի: Լավ մասագետ դառնալու համար կարեւոր է երկուսի համադրությունը. հիմա լիովին հասկանում եմ, թե այս կամ այն գործողությունը ինչու պետք է անել, երբ եւ ինչպես»,-ասում է ուսանողուհի Էլեն Վարդանյանը, որն արդեն որպես քիմիկոս-լաբորանտ աշխատանքի է անցել «Երեմյան փրոջեքթս» ընկերության «Արցախ» գործարանում:

Նրա կուրսընկեր Գարեգին Ախոյանն էլ փորձուսումը հաջողությամբ անցկացրել է «Բնակաթ» գործարանում,  որպես փորձնակ սովորել-աշխատել պանրի արտադրության տարբեր փուլերում՝ սկսած կաթի ընդունումից, մանրէազերծումից մինչեւ պատրաստի արտադրանքի թողարկում: Կարճ ժամանակ անց Գարեգինն արդեն ընկերության պանրագործի օգնականն է:

«Փորձուսուցումն ինձ ոչ միայն կարեւոր մասնագիտական գիտելիքներ ու աշխատանք տվեց, այլեւ կօգնի ավելի լավ դիպլոմային աշխատանք ներկայացնել»,- ասաց Տիգրան Հարությունյանը: Փորձուսուցումից հետո նա աշխատանքի է անցել «Սամբիել» պանրագործարանում, նաեւ փորձում է պանրի՝ սեփական արտադրություն սկսել: «Ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ համալսարանին՝ լավ մասնագետ պատրաստելու համար ներդրած այսքան ջանքերի ու ստեղծված հնարավորությունների համար»,-խոսքն ամփոփեց արդեն որպես պանրագործ իր մասնագիտական կարիերան հաջողությամբ սկսած Տիգրանը՝ շտապելով աշխատանքի: