«Անուշ» դասընթաց․ մասնագիտական առաջընթացի, հաջողությունների մեկնարկը տրված է

Անցյալ ուսումնական տարվա ողջ ընթացքում կազմակերպվեցին հրուշակագործության, շոկոլադագործության դասընթացներ: Եւ կյանքը ցույց տվեց, որ այս ծրագրի նկատմամբ հետաքրքությունը չի նվազում: Դասընթացները հնարավոր եղավ իրագործել Շվեդիայի միջազգային համագործակցության զարգացման գործակալության (Sida-ի) տարածաշրջանային ներառական եւ կանաչ տնտեսական զարգացման RECONOMY ծրագրի շրջանակում, որն իրականացնում է HELVETAS Swiss Intercooperation-ը՝ համագործակցելով ՌԶԳ ՀԿ-ի եւ Արեւելյան գործընկերության ու Արեւմտյան Բալկանների այլ կազմակերպությունների հետ, դրանց աջակցությամբ:

Հուլիսի 18-ին «անուշ» դասընթացն ավարտած հերթական խմբին հանձնեցին հավաստագրերը: ՀԱԱՀ աշխատակազմի ղեկավար Լուսինե Մնացականյանը, ողջունելով մասնակիցներին, համոզմունք հայտնեց, որ. «Մասնագիտական հաջողությունների սկիզբն է եւ, կարծում եմ, սա մեր համագործակցության վերջը չէ»:

Իսկապես, ծրագրի շահառուները մտորում են հեռակա համակարգի ուսանող կամ մագիստրանտ դառնալու մասին, որովհետեւ անսահմանորեն հետաքրքրված են եւ սիրում են ոլորտը: Մի քիչ քիմիայից են «վախենում»: Բայց նոր, վերազինված, ժամանակակից լաբորատորիաները եւ, անշուշտ, մեր մասնագետների փորձն ու նվիրվածությունը դյուրացնում են այդ «սարսափազդու» գիտության յուրացումը:

Այնպես որ, երբ սերը կա՝ ընտրած ոլորտի հանդեպ, դժվարությունները հաղթահարելի են լինում, հաջողությունը՝ իրական: