1994թ. ՀՀ Կառավարության որոշմամբ Հայկական գյուղատնտեսական և Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտների բազայի վրա կազմավորվեց Հայկական գյուղատնտեսական ակադեմիան, որը 2005թ. վերանվանվեց Հայաստանի պետական ագրարային համալսարան, իսկ 2012թ.-ին՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարան:
Նախկին երկու բուհերը, հետագայում` ակադեմիան, այժմ` համալսարանը, կերտել են փառավոր կենսագրություն, ունեցել ակնառու ձեռքբերումներ` մեծագույն պատասխանատվությամբ կատարելով իրենց գլխավոր առաքելությունը` հանրապետության ագրոպարենային համակարգն ապահովելով բարձրակարգ կադրերով:
Անցած ուղին |
65000-ից ավելի շրջանավարտներ իրենց անգնահատելի ավանդն ունեն հանրապետության, ինչպես նաև նախկին Խորհրդային Միության գյուղատնտեսության, սննդարդյունաբերության, մեքենայացման, ջրատեխնիկական շինարարության և այլ ոլորտների կայացման ու զարգացման գործում: Նրանցից 23-ն արժանացել է Խորհրդային Միության Սոցիալիստական աշխատանքի հերոսի բարձր կոչմանը:
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին համալսարանի շատ շրջանավարտներ, ուսանողներ և դասախոսներ անձնվիրաբար կատարել են իրենց սրբազան պարտքը. նրանցից 4-ն արժանացել է Խորհրդային Միության հերոսի բարձր կոչման:
Համալսարանի բազմաթիվ ուսանողներ ու դասախոսներ մասնակցել են Արցախի ազատագրական պայքարին և փառքով պսակել հարազատ կրթօջախի անունը: Նրանցից 7-ը զոհվել է Արցախյան առաջին պատերազմում, ավելի քան 40-ը՝ 44-օրյա պատերազմում:
Անցած ինը տասնյակ տարիները ձեռքբերումների, հաջողությունների և նվաճումների տարիներ են, սակայն այդ ընթացքում եղել են նաև դժվարին շրջաններ, որոնք պատվով են հաղթահարվել կոլեկտիվի ջանքերի շնորհիվ:
Պահանջված մասնագիտություններ |
Վերջին տարիներին համալսարանը մեծ զարգացում է ապրել, հասել նշանակալից հաջողությունների, ունի բարձր վարկանիշ ոչ միայն ԱՊՀ տարածքի, այլև եվրոպական ու ամերիկյան շատ երկրների ագրարային համալսարանների շրջանում: Հանրապետության ագրոպարենային համակարգի բարձրակարգ մասնագետների պահանջարկը լիովին բավարարելու նպատակով համալսարանում հիմնվել են նոր ու արդիական մասնագիտություններ. «Կենդանագիտություն և կենսատեխնոլոգիա», «Անասնաբուժական սանիտարական փորձաքննություն», «Հողաշինարարություն և հողային կադաստր», «Կայուն գյուղատնտեսություն», «Անտառային տնտեսություն և բնակավայրերի կանաչապատում», «Ջերմատնային ագրոտեխնոլոգիա», «Սննդամթերքի անվտանգություն», «Ճշգրիտ գյուղատնտեսություն», «Օրգանական գյուղատնտեսություն», «Տրանսպորտային և լոգիստիկ համակարգեր» և այլն։ «Խմորման արտադրության տեխնոլոգիա և գինեգործության» և ընդհանրապես պարենամթերքի տեխնոլոգիաների բոլոր մասնագիտությունների գծով շրջանավարտները մեծ պահանջարկ ունեն աշխատաշուկայում:
Համալսարանը մասնաճյուղեր ունի Սիսիանում, Վանաձորում և Շիրակում: 2009-2017 թթ. գործել է նաև Շուշիի, ապա Ստեփանակերտի մասնաճյուղը:
Միջազգային գործակցություն |
Համալսարանի հետագա զարգացման ու համաշխարհային բարձրագույն կրթական համակարգին լիարժեք ինտեգրման համար անչափ կարևորվում են միջազգային համագործակցության ծրագրերը: Իրականացվում են բազում կրթական, գիտական և խորհրդատվական ծրագրեր։ Դրանցից առավել ծավալուն և արդյունավետ են ԱՄՆ-ի գյուղդեպարտամենտի հովանավորությամբ իրականացվող ծրագրերը. լեզվի կենտրոնի հիմնում, կիրառական կարճաժամկետ հետազոտությունների իրականացում, ամենամյա միջազգային գիտաժողովների կազմակերպման հովանավորություն, «Ագրոգիտասփյուռ» խորհրդատվական համակարգի հիմնում և համալսարանում համապատասխան կառույցի ստեղծմանն աջակցություն, դասախոսների վերապատրաստում, ուսանողների, մագիստրանտների ու ասպիրանտների կրթության կազմակերպում Եվրոպայի և ԱՄՆ-ի համալսարաններում և այլն: Այս ցանկից հարկ է առանձնացնել ամենակարևորը` 2000 թ. Տեխասի A&M համալսարանի հետ համատեղ հայ-ամերիկյան ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի հիմնումը: Այն իր բնույթով տարածաշրջանում եզակի է. այստեղ սովորել են ուսանողներ Վրաստանից, Հունաստանից, Հոլանդիայից, Բուլղարիայից, Մերձբալթյան և այլ երկրներից: Ուսուցումն իրականացվում է անգլերենով` ամերիկյան և եվրոպական կրթական չափորոշիչներով: Դպրոցը համալսարանի համար կրթական ռեֆորմների իրականացման յուրահատուկ լաբորատորիա է:
Արդյունավետ ծրագրեր են իրականացվում Գերմանիայի Դաշնության, Շվեդիայի, Իսպանիայի, Պորտուգալիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի, Բելոռուսի, Վրաստանի, Էստոնիայի, Ղազախստանի, Տաջիկստանի մի շարք առաջատար ագրարային համալսարանների հետ:
Հայաստանի ազգային ագրարային համալսարանն աշխարհի 250 ագրարային առաջատար համալսարանների ասոցիացիայի լիիրավ անդամ է:
Շուրջ 20 տարի է՝ ՀԱԱՀ-ում Գերմանիայի Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանի հետ իրականացվում է «Ագրարային մենեջմենթ» գերմանալեզու մագիստրոսական ծրագիրը: Ծրագրի իրականացման ժամանակահատվածում 70-ից ավելի մագիստրանտ Հայաստանի Հանրապետությունից ստացել է միջազգային չափանիշներին համապատասխան բարձրորակ կրթություն: Նրանցից շատերն այժմ աշխատում են Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում, ինչպես նաև բազմաթիվ միջազգային ագրարային խոշոր ֆիրմաներում, իսկ մոտ 120 մագիստրանտ Վայհենշտեֆան-Թրիսդորֆի Կիրառական գիտությունների համալսարանում անցել է գյուղատնտեսական ուսումնաարտադրական պրակտիկա և շարունակել ուսումը ՀԱԱՀ-ում և ՎԹԿԳՀ-ում: Ծրագրի կարևորագույն արդյունքը 2016 թ.-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի և արտերկրի 12 համագործակցող համալսարանների, այդ թվում նաև գերմանական ՎԹԿԳՀ-ի հետ «Ագրարային մենեջմենթ» մագիստրոսական ծրագրի միջազգային հավատարմագրումն էր:
2019 թ․ նոյեմբերին ՎԹԿԳՀ-ի նախագահ Էրիկ Վույեն եւ ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը կրկնակի դիպլոմ տրամադրելու վերաբերյալ հուշագիր ստորագրեցին։
Կրթական բարեփոխումներ |
Բոլոնիայի հռչակագրով նախանշված կրթական բարեփոխումների գլխավոր նպատակներն էին՝ Եվրոպական միասնական կրթական տարածքի ձևավորում, ուսանողների ազատ տեղաշարժի հնարավորություն և աշխատաշուկայում շրջանավարտների մրցունակության ապահովում: Անցում կատարվեց երկաստիճան կրթահամակարգին։ Կրեդիտային համակարգը ներդրվեց 2006թ․։
Սկսած 2018 թվականից՝ համալսարանում իրականացվել են արմատական բարեփոխումներ։ Վերանայվել են ուսումնական պլաններն ու առարկայական ծրագրերը՝ հաշվի առնելով արտադրության ոլորտի առկա խնդիրներն ու հեռանկարները, ընդ որում այդ փաստաթղթերի ստեղծման գործում լայնորեն ներգրավվել են արտադրության ոլորտի մեր գործընկերները։ Բարեփոխումների առաջին 3-4 տարում համալսարանում, ներառյալ մարզային մասնաճյուղերում և ուսումնափորձարարական տնտեսություններում ստեղծվել են ավելի քան 40 նորարարական ենթակառույցներ, այդ թվում՝ լաբորատորիաներ, համալսարանական բաց տարածքներ, Կաթնամթերքի վարպետաց դպրոց, Անասնաբուժական կրթագիտական գերազնացության կենտրոն, Ագրոտեխնոլոգիաների ինկուբատոր, Կենսատեխնոլոգիաների ինկուբատոր, նորարարական ջերմատուն և բազմաթիվ այլ կառույցներ։ Այս բոլորը, զուգորդվելով ուսանողակենտրոն միջավայրի և արժեհամակարգային փոփոխությունների հետ, մեծապես նպաստում են կրթության որակի բարելավմանն ու համալսարանի հեղինակության բարձրացմանը։
Համալսարանում խրախուսվում է ագրարային եւ հարակից գիտությունների զարգացումը։ Նպատակային վերապատրաստումները Հայաստանում եւ արտերկրում, գիտական հոդվածների հրապարակումը, այդ թվում ազդեցության գործակից ունեցող միջազգային պարբերականներում, գիտական արդյունքի առեւտրայնացման ուղղությամբ իրականացվող քայլերը դասախոսների համար շատ ավելի հետաքրքիր են դարձնում գիտությամբ զբաղվելը, որակավորման շարունակական բարձրացումը։ Բարձրանում է գիտության ոլորտի գրավչությունը երիտասարդների համար։
2021-22 ուսումնական տարում համալսարանի Ա․ Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջում հաջողությամբ ներդրվել է գինեգործական դուալ մասնագիտական կրթության համակարգը։