«Ակվակուլտուրայի եւ ձկնային տնտեսության կրթության զարգացումը հանուն Կանաչ գործարքի Հայաստանում եւ Ուկրաինայում. կրթությունից դեպի էկոլոգիա» (AFISHE) Էրազմուս+ կարողությունների զարգացման ծրագրի երկրորդ հանդիպումը վերջերս կայացավ Սլովակիայի գյուղատնտեսական համալսարանում (Նիտրա)։ Մասնակցում էին նախագծի անդամ բոլոր հաստատությունների ներկայացուցիչները (ՀԱԱՀ, ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոն, ՀՀ ԳԱԱ կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն, Դուբրովնիկի համալսարան, Պորտոյի համալսարան, Սլովակիայի գյուղատնտեսական համալսարան, Սումիի ազգային ագրարային համալսարան, Ջրի եւ շրջակա միջավայրի ճարտարագիտության ազգային համալսարան)։ Ագրարային համալսարանը, որը համակարգում է այս նախագիծը, ներկայացնում էին գլխավոր համակարգող Գարեգին Համբարձումյանը եւ նախագծի փորձագետներ Գայանե Մարմարյանն ու Արման Հարությունյանը։
Հանդիպումը մեկնարկեց գործընկեր հաստատությունների՝ ծրագրի առաջին վեց ամսում կատարած աշխատանքների նարկայացմամբ։ ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ արտաքին կապերի բաժնի պետ Արուսյակ Հարությունյանը, ներկայացնելով հայաստանյան գործընկերների իրականացրած աշխատանքները, խասեց նախագծի մեկնարկային հանդիպման, գործատուների հետ հանդիպման արդյունքների, «Ձկնային տնտեսություն» մագիստրոսական նոր կրթական ծրագրի շրջանակում իրականացված մեծածավալ հենանշման (բենչմարկինգի) տվյալները, մշակված կրթական վերջնարդյունքները, ուսումնական պլանն ու մոդուլները:
Այնուհետեւ աշխատանքային յոթ փաթեթների պատասխանատուները ներկայացրին ինչպես իրականացված, այնպես էլ նախատեսվող գործողությունները՝ ըստ նախագծի ժամանակացույցի: Նախագծի համակարգող Գարեգին Համբարձումյանը նշեց, որ իրականացված աշխատանքներն ընթանում են ըստ ժամանակացույցի եւ բոլոր արդյունքներին հասել են այն ժամկետներում, ինչն ամրագրված է նախագծում։ Սակայն, ըստ պարոն Համբարձումյանի, պետք է առավել ակտիվացնել նախագծի եւ դրա արդյունքների վերաբերյալ տեղեկության տարածումը, ինչպես նաեւ այն հասանելի դարձնել առավել լայն թիրախային շրջանակների համար։ Քննարկվեցին նաեւ առաջիկայում սպասվող վերապատրաստումների կազմակերպման հարցերը, մասնավորապես՝ եւրոպական համալսարանների կողմից հյուրընկալվող անձանց քանակը, մոտավոր ժամկետները եւ ըստ բուհերի՝ տեղերի բաշխվածությունը։
Նախագծի անդամներն իրենց սլովակ գործընկերների ուղեկցությամբ այցելեցին Նիտրայի «Biely Potok Ruzomberok» ձկնաբուծարան եւ ժամանակակից սարքավորումներով եւ նորագույն տեխնոլոգիաներով վերամշակման գործարան, որը սերտորեն համագործակցում է պետական կառույցների հետ եւ դրանցից ստանում պատվերներ։
Պարոն Համբարձումյանը տեղեկացնում է նաեւ, որ շուտով կսկսվեն նորաստեղծ մագիստրոսական կրթական ծրագրի մոդուլները դասավանդողների վերապատրաստումները եւրոպական երեք երկրներում։ Այդ մասին լրացուցիչ հայտարարություն կտարածվի, իսկ դասավանդողները կընտրվեն մրցութային կարգով։ Հիշեցնենք, որ այս մագիստրոսական կրթական ծրագիրը կլինի առաջին համատեղ կրթական ծրագրերից մեկը Հայաստանում, քանի որ այն ավարտողները կստանան ՀԱԱՀ եւ ՀՀ ԳԱԱ համատեղ դիպլոմ։