Վարդան Ուռուտյան․ այսպիսի երեխաներ ունեցող հասարակությունը ապագա ունի

Այսօր՝ հուլիսի 14-ին ռեկտոր Վարդան Ուռուտյանը հետաքրքիր հանդիպում ունեցավ «Մարզերի երեխաները մարզերում» (ՄԵՄ) ՀԿ-ի անդամների հետ, որոնք ճամբարում էին Կողբ գյուղի անտառներում։ Հայաստանի գողտրիկ այս անկյունում անցկացված հանդիպման ժամանակ պարոն Ուռուտյանը խոսեց ագրոտեխնոլոգիաների ոլորտի զարգացման հնարավորությունների, գյուղատնտեսության ոլորտում առկա խնդիրների եւ թվային տեխնոլոգիաների միջոցով դրանց լուծման ուղիների, ինչպես նաեւ մասնագիտությունների ընտրության, մասնագիտական կողմնորոշման կարեւորության մասին։

Ռեկտոր Ուռուտյանը ճամբարականներին ներկայացրեց նաեւ Ագրարային համալսարանի՝ վերջին տարիներին ստեղծված նոր լաբորատորիաներն ու նորարարական այլ ենթակառույցները, պատմեց, թե ինչպես է համալսարանն անցնում ագրոտեխնոլոգիական համալսարանի վերափոխման գործընթացը։

Երեխաները ոչ միայն հետաքրքրությամբ ունկնդրում էին, այլեւ ոգեւորությամբ ընդունում Ագրարայինում առկա եւ ակնկալվող եզակի հնարավորությունները, որոնք վաղը կարող են դառնալ իրենց մասնագիտական կողմնորոշման ուղեցույցը։ Իր հերթին տպավորված էր նաեւ ռեկտոր Ուռուտյանը։

«ՄԵՄ-ը եւ առհասարակ այս կազմակերպության անդամ երեխաներն առանձնանում են իրենց ազգային մտածելակերպով, հայրենասիրությամբ եւ մարզերի համաչափ զարգացման խնդիրների ըմբռնողությամբ ու ջատագովությամբ։ Այսպիսի երեխաներ ունեցող հասարակությունը ապագա ունի»,- ասում է պարոն Ուռուտյանը։

ՄԵՄ-ի գործադիր տնօրենը ՀԱԱՀ Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի շրջանավարտ Գագիկ Գրիգորյանն է։