Ուսումնառության ամենակարեւոր փուլերից մեկը՝ աշխատանքային փորձուսուցում

Փորձուսուցման դերն ու կարեւորությունը ապացուցելու կարիք ամենեւին չկա: Հասկանալի է: Նկատենք միայն, որ սա ուսումնառության ողջ շղթայի միակ բաղադրիչն է, որ հնարավոր չէ լրացնել, վերահանձնել: Ձախողելու դեպքում պարզապես դուրս ես մնում գործընթացից: Եւ վերջ…

Փորձուսուցման որակի եւ արդյունավետության բարձրացման խնդիրը մտահոգիչ էր երկար ժամանակ, քանի որ երբեմն ձեւական բնույթ էր կրում, իսկ գործատուներն էլ խոցելի էին համարում մեր շրջանավարտների հատկապես կիրառական հմտությունները: Այս ուսումնական տարում արմատական փոփոխություններ կատարվեցին եւ, բնականաբար, արդյունքները շատ չուշացան:

Այսպես, Ագրոնոմիական ֆակուլտետի ուսանողների փորձուսուցումը մեկնարկել է ապրիլի 25-ին եւ կավարտվի վաղը՝ հունիսի 17-ին: Հաջորդ փուլը կլինի սեպտեմբերի 1-ից հոկտեմբերի 22-ը ժամանակահատվածում:

Այսօր՝ հունիսի 16-ին, ֆակուլտետի դեկան, դոցենտ Արմենակ Տեր-Գրիգորյանը, այգեպտղաբուծության եւ բույսերի պաշտպանության ամբիոնի վարիչ, դոցենտ Արմինե Մանվելյանը, պրակտիկաների համակարգման եւ վերլուծությունների բաժնի վարիչ Անահիտ Սարոյանը այցելել են «Արմբերրի» ՓԲԸ (Եղվարդ), «Կանաչ արահետ» գյուղատնտեսության աջակցության ՀԿ (Ձորաղբյուր),  «Ագրոտեխ» ՍՊԸ (Աբովյան): Կազմակերպություններ, ընկերություններ, որոնք սիրով եւ պատրաստակամորեն իրենց դռները բացել են մեր ուսանողների առջեւ:

Ինչպես նկատեց տիկին Սարոյանը, «ստուգայցերը ցույց տվեցին, որ բոլոր ուսանողները նշանակված վայրերում էին: Երկու ուսանող իրենց դասախոսների հետ միասին խորհրդատվություն էին իրականացնում «Ագրոտեխ» ՍՊԸ-ում: Ուսանողները շատ գոհ եւ խանդավառված են այս հրաշալի հնարավորությունների համար, որ ընձեռվել են իրենց: Ուսանողները պետք է հասկանան, որ շատ կարեւոր այս փուլը վերահսկողությունից դուրս չէ, եւ համոզված լինեն, որ մենակ չեն: Ընդունող կազմակերպությունները հավաստիացրին, որ համագործակցությունը կշարունակվի»:

Շնորհակալ ենք բոլոր համագործակցող կազմակերպություններին եւ կարող ենք հավաստիացնել, որ մեր շրջանավարտները՝ իրենց վաղվա աշխատակիցները, բարձրակարգ, ժամանակի մարտահրավերները դիմակայելու պատրաստ մասնագետներ կդառնան: