«Խրախուսելի է, որ երիտասարդները սկսում են զբաղվել գիտությամբ, հատկապես, եթե համեմատենք նախորդ տասնամյակի հնարավորությունների հետ, հիմա դրանք ավելի շատ են»,-այս նախադասությամբ էլ սկսվեց Անասնաբուժական բժշկագիտության և անանսաբուծության ֆակուլտետի ՈՒԳԸ ամենամյա գիտաժողովը։
Յուրահատուկ եւ հետաքրքիր զեկույցներ էին նախապատրաստել մեր երիտասարդները, իհարկե գիտական ղեկավարների հետ միահամուռ եւ քրտնաջան աշխատանքի շնորհիվ։ Հիացմունքով ենք հետեւել` հատկապես ՀԱԱՀ քոլեջի, առաջին եւ երկրորդ կուրսերի ուսանողների՝ համեմատաբար անփորձ, բայց այդքան գեղեցիկ, լսելի եւ սահուն խոսքին: Այս տարի նույնպես յուրօրինակ զեկուցում ներկայացրեց 2-րդ կուրսի ուսանող Գեւորգ Նալբանդյանը: Նա վառ օրինակ է մեր ուսանողների համար եւ ապացույց, որ սովորելու համար երբեք էլ ուշ չէ, իսկ նոր գիտելիքը մեզ դրդում է հետաքրքիր ու լեցուն կյանքի։ «Լավն էիք բոլորդ, տեղերը սահմանափակ են, հակառակ դեպքում բոլորիդ կներառեինք»,- քաջալերում է դեկան Արեւիկ Աբովյանը: Ինչ խոսք, երեք լավագույններին ընտրելը բարդ էր, սակայն որոշումը կայացվեց հօգուտ քոլեջի 3-րդ կուրսի ուսանող Կատրին Գյուրջինյանի, ղեկավար՝ Ա․ Վարդանյան, թեմա՝ «Արհեստական բանականության կիրառումը խոշոր ֆերմաներում կենդանիների առողջության ավտոմատ վերահսկման համար», նա լավագույններից էր նաեւ Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի կազմում։ Ալեն Մանուկյանի թեման էր՝ «Օտիտներ․ ախտանիշ, որը հաճախ փորձում ենք բուժել որպես հիվանդություն», ղեկավար՝ Ա․ Հակոբյան։ Դասախոսական անձնակազմը այս զեկույցը գնահատել էր որպես սեփական հետազոտական արդյունքների վրա հիմնված գիտական աշխատանքի հրաշալի օրինակ։ Լավագույններից էին նաեւ 1-ին կուրսեցի Միլանա Ոսկանյանը, ղեկավար՝ Ի. Մովսիսյան, թեմա՝ «Գեների քնեցում կամ էպիգենետիկ լռություն», Ալվինա Պողոսյանը՝ 2-րդ կուրս, ղեկավարներ՝ Ա. Գրիգորյան եւ Մ․Միրզոյան, թեմա՝ «Նեֆրիտ, նեֆրոզ՝ տեսակները, պատճառները, զարգացման մեխանիզմները»։
Ուսանողական գիտաժողովն աչքի ընկավ ուսանողների ակտիվ մասնակցությամբ եւ թեմաների պատշաճ մատուցմամբ։ Շնորհակալ ենք թե՛ դասախոսական, եւ թե՛ կազմակերպչական անձնակազմին։











