Շարունակական կրթություն․ Գիտելիքն է ամենահզոր զենքը

Վերապատրաստման դասընթացը ամեն օր վերտառություն դարձած խոսքերով էր ավարտում «Ստանդարտ դիալոգ» ՍՊԸ որակի կառավարիչ եւ ուսումնական կենտրոնի ղեկավար, ՀՀ ճարտարագիտական ակադեմիայի իսկական անդամ, կ.գ.դ., դրական անսպառ էներգիայով օժտված Հայկուշ Բատիկյանը: Դասընթացի մասնակից մեր աշխատակցուհիները խոստովանում են, որ հենց այս խոսքերը խթանում էին (ինչպես սիրում ենք ասել՝ մոտիվացնում էին) նպատակասլաց ուսումնառության, նորը սովորել յուրացնելու եւ աշխատանքի մեջ կիրառելու գործուն ջիղը:

Իսկ այս ամենը սկսվեց շուրջ երկու ամիս առաջ, երբ  ՀԱԱՀ սննդի անվտանգության եւ կենսատեխնոլոգիայի բաժնի վարիչ, կ.գ.դ. Աստղիկ Փեփոյանի առաջարկ-նախաձեռնությամբ, ռեկտոր Վարդան Ուռուտյանն ու միջազգային հավատարմագրում ունեցող ընկերության գլխավոր տնօրեն Ա. Արարատյանը համագործակցության հուշագիր ստորագրեցին, որը մեր աշխատակիցների համար անվճար վերապատրաստումների մեծ ասպարեզ բացեց: Վերապատրաստման թեմաները բազում են՝ ընտրիր որը կամենաս, որքան կամենաս:

Բուսաբուծական մթերքների վերամշակման տեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ Աննա Պետրոսյանը, ասիստենտներ Ստելլա Հովսեփյանը եւ Աննա Ալոյանը մասնակցել են դասընթացին, հանձնել են ամփոփիչ թեստն ու արժանացել են հավաստագրի, որն ուժի մեջ է երեք տարի ժամկետով:

Տեխնոլոգիական ֆակուլտետի փոխդեկան Աննա Պետրոսյանը ոգեւորությամբ պատմում է.

– Որպես պարենամթերքի փորձաքննության մասնագետ իմ հիմքը դոկտոր Բատիկյանն է դրել, դեռ հինգ տարի առաջ: Հիմա նորից նրան լսելու, ոլորտի նորությունների մասին խորապես տեղեկանալու հրաշալի հնարավորություն ունեինք: Շնորհակալություն: