Վերապատրաստման դասընթացը ամեն օր վերտառություն դարձած խոսքերով էր ավարտում «Ստանդարտ դիալոգ» ՍՊԸ որակի կառավարիչ եւ ուսումնական կենտրոնի ղեկավար, ՀՀ ճարտարագիտական ակադեմիայի իսկական անդամ, կ.գ.դ., դրական անսպառ էներգիայով օժտված Հայկուշ Բատիկյանը: Դասընթացի մասնակից մեր աշխատակցուհիները խոստովանում են, որ հենց այս խոսքերը խթանում էին (ինչպես սիրում ենք ասել՝ մոտիվացնում էին) նպատակասլաց ուսումնառության, նորը սովորել յուրացնելու եւ աշխատանքի մեջ կիրառելու գործուն ջիղը:
Իսկ այս ամենը սկսվեց շուրջ երկու ամիս առաջ, երբ ՀԱԱՀ սննդի անվտանգության եւ կենսատեխնոլոգիայի բաժնի վարիչ, կ.գ.դ. Աստղիկ Փեփոյանի առաջարկ-նախաձեռնությամբ, ռեկտոր Վարդան Ուռուտյանն ու միջազգային հավատարմագրում ունեցող ընկերության գլխավոր տնօրեն Ա. Արարատյանը համագործակցության հուշագիր ստորագրեցին, որը մեր աշխատակիցների համար անվճար վերապատրաստումների մեծ ասպարեզ բացեց: Վերապատրաստման թեմաները բազում են՝ ընտրիր որը կամենաս, որքան կամենաս:
Բուսաբուծական մթերքների վերամշակման տեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ Աննա Պետրոսյանը, ասիստենտներ Ստելլա Հովսեփյանը եւ Աննա Ալոյանը մասնակցել են դասընթացին, հանձնել են ամփոփիչ թեստն ու արժանացել են հավաստագրի, որն ուժի մեջ է երեք տարի ժամկետով:
Տեխնոլոգիական ֆակուլտետի փոխդեկան Աննա Պետրոսյանը ոգեւորությամբ պատմում է.
– Որպես պարենամթերքի փորձաքննության մասնագետ իմ հիմքը դոկտոր Բատիկյանն է դրել, դեռ հինգ տարի առաջ: Հիմա նորից նրան լսելու, ոլորտի նորությունների մասին խորապես տեղեկանալու հրաշալի հնարավորություն ունեինք: Շնորհակալություն: