Հուլիսի 26-30-ին ՄԿԴ պետ Գարեգին Համբարձումյանը հյուրընկալվել է Կլուժ-Նապոկայի գյուղատնտեսական գիտությունների եւ անասնաբուժական բժշկագիտության համալսարանում։ Նպատակը՝ գործող համագործակցության ամփոփումը, հետագա ծրագրերի քննարկումն ու մասնագիտական փորձի փոխանակումն էր։
Այցի ընթացքում պարոն Համբարձումյանը հանդիպել է համալսարանի ռեկտոր Կորնել Կատոյի հետ, որը կարեւորել է միջազգային համագործակցության նոր հնարավորությունների ստեղծումն ու գործողների խորացումը։
Գիտության գծով պրոռեկտոր Դան Վոդնարի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են հետազոտության ոլորտում երկկողմ համագործակցության հնարավորությունները։
ՀԱԱՀ ՄԿԴ պետը այցելել է համալսարանի տարածքում գործող ջերմատնային տնտեսություններ, սննդի տեխնոլոգիաների լաբորատոր-լսարան եւ այլ կենտրոններ ու ծառայություններ։
Անասնաբուժական բժշկագիտության ֆակուլտետի դեկան Նիկոդիմ Ֆիթի եւ դեկանի տեղակալ Սանդա Անդրեի հետ քննարկվել են անասնաբուժության ոլորտում համագործակցության հնարավորությունները։ Գարեգին Համբարձումյանը ներկայացրել է անասնաբուժական կրթության կազմակերպումը ՀԱԱՀ-ում, առկա ռեսուրսներն ու փորձուսուցումների կազմակերպման սկզբունքները, իսկ հյուրընկալողներն իրենց հերթին պատմել են Եվրոպայում եւ, մասնավորապես՝ իրենց համալսարանում անասնաբուժական կրթությանը ներկայացվող պահանջները։ Քանի որ իրենց ֆակուլտետը հավատարմագրված է Անասնաբուժական կրթության եվրոպական ընկերակցության կողմից եւ պետք է բավարարի ներկայացվող որոշակի պահանջների, Կլուժ-Նապոկայի համալսարանում այս մասնագիտության կրթությունն իրականացվում է 6 տարում եւ իրենից ներկայացնում է ամբողջական կրթական ցիկլ՝ առանց բակալավր-մագիստրոս տարաբաժանման։
Հանդիպում է կազմակերպվել նաեւ Կենդանագիտության եւ կենսատեխնոլոգիաների դեկան Դանիել Դեզմիերանի հետ: Քննարկվել են առկա եւ պլանավորվող ծրագրերն ու հետաքրքրությունների շրջանակը։
Արդյունավետ է եղել նաեւ այցը Կենդանաբուժական կլինիկա, որը հագեցած է ժամանակակից ախտորոշիչ եւ բուժման սարքավորումներով։ Պարոն Համբարձումյանի կարծիքով, կլինիկայի աշխատանքի սկզբունքը լավ օրինակ կարող է ծառայել մեր համալսարանի նորաստեղծ Անասնաբուժական կրթագիտական կենտրոնի աշխատանքների կազմակերպման տեսանկյունից։ Կլինիկայի աշխատանքներին ակտիվորեն ներգրավվում են նաեւ բարձր կուրսի ուսանողները։ Ռադիոլոգիայի եւ կլինիկական ախտաբանության ղեկավար Ռոբերտ Պարդոիուի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ հնարավորության դեպքում նա այցելի մեր համալսարան եւ վերապատրաստում անցկացնի ախտորոշման ժամանակակից միջոցների եւ, մասնավորապես, մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի արդյունքների վերծանման ուղղությամբ։ Ընդ որում, մեր համալսարանականները եւս կարող են տպագրվել վերոհիշյալ ամսագրում (https://clujveterinaryjournal.ro/index.php/cvj/about/editorialTeam)։
Մեկ օր ամբողջությամբ տրամադրվել է ժամանակակից սարքավորումներով հագեցած Անասնաբուժական սանիտարական հսկողության լաբորատորիա այցին։
Գարեգին Համբարձումյանը հանդիպել է Էրազմուս+-ի պատասխանատու Սիմոնա Օրոսի հետ։ Քննարկվել եւ ամփոփվել են երկու համալսարանի միջեւ շարժունության արդյունքները, իրականացման ընթացքում ծագած հիմնախնդիրների լուծման արդյունավետությունը (դրանք հիմնականում առաջացել էին քովիդի հետեւանքով)։
Ընդհանուր առմամբ ռումինացի գործընկերների կազմակերպած ծրագիրը հագեցած ու արդյունավետ է եղել։ Նրանք չէին մոռացել նաեւ մշակութային բաղադրիչի մասին եւ այց էին կազմակերպել Կլուժ-Նապոկայից ոչ հեռու գտնվող հայերի հիմնած Գերլա (նախկինում՝ Հայաքաղաք) քաղաք։ «Ընդհանրապես, նման այցերի ժամանակ շատ կարեւոր է հյուրընկալողի եւ հյուրընկալվողի միջեւ մարդկային ջերմ հարաբերությունների ստեղծումը։ Այս տեսանկյունից եւս այցը արդյունավետ էր եւ կնպաստի համալսարանների միջեւ համագործակցության խորացմանը»,- ասում է Գարեգին Համբարձումյանը։