Մեր հոբելյարները․ Գագիկ Ազատի Թովմասյան

Լրացավ գյուղատնտեսության ոլորտի հմուտ կազմակերպչի, խորագիտակ մասնագետի, բարեկիրթ ու սկզբունքային անհատի՝ ՀԱԱՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, Բուսաբուծության եւ հողագիտության ամբիոնի վարիչ, գյուղատնտեսական գիտությունների թեկնածու, դոցենտ Գագիկ Ազատի Թովմասյանի ծննդյան 60-ամյակը եւ գիտամանկավարժական գործունեության 35 տարին։ Հոբելյանը ոչ միայն կենսագրական հանգրվան է, այլեւ գիտությանը, կրթությանը եւ հայրենի հողին նվիրված պատվաբեր ուղու ամփոփում։

Գագիկ Թովմասյանը ծնվել է Թալինի տարածաշրջանի Ներքին Բազմաբերդ համայնքում, որտեղ մանկության տարիներից նրա մեջ արմատավորվել է աշխատանքի արժեւորումը, բնության հանդեպ խոր հարգանքը եւ հողի հետ ապրող մարդու պարզ, բայց ամուր իմաստությունը։

1985-1990-ականներին, սովորելով Հայկական գյուղատնտեսական ինստիտուտում, նա ընտրեց բույսերի պաշտպանության մասնագիտությունը, սակայն իրականում ընտրեց ավելի լայն առաքելություն՝ ծառայել գյուղատնտեսությանը։ Ուսանողական տարիներից նրա մեջ նկատելի էր գիտելիքի հանդեպ ձգտումը, հարցադրումների խորությունը եւ ուսումնառությունը ստեղծագործ աշխատանքի վերածելու ունակությունը։

Ժառանգելով նախնիների լավագույն ավանդույթները՝ սասունցուն բնորոշ հաստատակամությունն ու աննկուն կամքը, ինչպես նաեւ սերը ընտանիքի, հայրենիքի, բնության ու հողի հանդեպ, նա իր կյանքի ուղին անքակտելիորեն կապեց հարազատ բուհի հետ։ Այդ կապը պարզապես մասնագիտական ընտրություն չէր․ այն հավատ էր, ձգտում՝ գիտությունն ու գործնական կյանքը միավորելու, հողին վերադարձնելու գիտելիքի ուժը։

Գագիկ Թովմասյանի գիտամանկավարժական եւ աշխատանքային գործունեության առանցքում կերարտադրությունն ու բնական լանդշաֆտների կառավարումն են, որոնք նա հաջողությամբ համադրում է թե՛ գիտական ուսումնասիրություններում, թե՛ գործնական գործունեության մեջ։

Նրա աշխատանքներում բնական լանդշաֆտների կառավարման խնդիրները դիտարկվում են համակարգային մոտեցմամբ՝ կենտրոնանալով էկոհամակարգերի պահպանության, հողերի դեգրադացման կանխարգելման, ինչպես նաեւ արոտավայրերի եւ խոտհարքների ռացիոնալ ու արդյունավետ օգտագործման վրա։

Գիտական եւ կազմակերպչական գործունեության ընթացքում նա կարեւորում է լանդշաֆտային պլանավորման, էկոլոգիական մշտադիտարկման, հողի եւ ջրային ռեսուրսների պահպանության հիմնավորված մոտեցումների կիրառումը՝ դրանք ներդնելով գյուղատնտեսական արտադրության մեջ։

Այս ոլորտները, որոնք պահանջում են ինչպես խոր տեսական գիտելիքներ, այնպես էլ զարգացած գործնական հմտություններ եւ կառավարման կարողություններ, լիարժեքորեն արտահայտված են Գագիկ Թովմասյանի մասնագիտական գործունեության մեջ։ Նրա իրականացրած հետազոտությունները եւ գործնական ծրագրերը ոչ միայն ունեն բարձր գիտական արժեք, այլև հստակ կիրառական ուղղվածություն՝ նպաստելով գյուղատնտեսության արդյունավետության բարձրացմանը, կերարտադրության զարգացմանը եւ բնական ռեսուրսների խելամիտ օգտագործմանն ու պահպանմանը։

Որպես պրոռեկտոր եւ ամբիոնի վարիչ՝ նա կազմակերպչական բարձր կարողություններով օժտված ղեկավար է, որը կարողանում է համադրել խստապահանջությունը եւ մարդկային վերաբերմունքը։ Նրա ղեկավարությամբ կրթական գործընթացը ձեռք է բերել ավելի համակարգված եւ նպատակաուղղված բնույթ:

Նա դասախոս է, որը ոչ միայն գիտելիք է փոխանցում, այլեւ ձեւավորում է մտածողություն վերաբերմունք եւ արժեհամակարգ, ում դասախոսությունները հաճախ վերածվում են մտորումների հարթակի, որտեղ գիտությունը շփվում է կյանքի հետ, իսկ տեսությունը՝ փորձի։

Գագիկ Թովմասյանի կերպարն ամբողջանում է ոչ միայն որպես գիտնականի եւ մանկավարժի, այլեւ որպես մարդու, ում մեջ ներդաշնակորեն համադրված են սկզբունքայնությունը, ազնվությունն ու բարեկրթությունը։

Նրա անցած ուղին վկայում է, որ իսկական նվիրումը գործին դառնում է ոչ միայն մասնագիտական հաջողության, այլեւ մարդկային արժանապատվության հիմք։

Բուսաբուծության ու հողագիտության ամբիոնի ողջ անձնակազմը ջերմորեն շնորհավորում է հարգարժան Գագիկ Ազատի Թովմասյանին՝ ծննդյան 60-ամյակի կապակցությամբ, մաղթում քաջառողջություն, անսպառ եռանդ, նոր գիտական ու ստեղծագործական ձեռքբերումներ, հաջողություններ անչափ պատասխանատու եւ կարեւոր առաքելության մեջ։