Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանը համագործակցության հուշագրեր է ստորագրել Տաջիկստանի տեխնոլոգիական համալսարանի, այդ համալսարանի՝ Իսֆարայի մասնաճյուղի, Կուլյաբի Տեխնոլոգիաների եւ նորարարական կառավարման ինստիտուտի, Տաջիկստանի տեխնիկական համալսարանի Խուջանդի պոլիտեխնիկական ինստիտուտի, ինչպես նաեւ Տաշքենդի պետական ագրարային համալսարանի պատասխանատուների հետ՝ համապատասխանաբար փետրվարի 7-ին եւ 8-ին։
Հուշագրերով կողմերը ստանձնել են կրթության եւ գիտության զարգացման ոլորտում համագործակցության պարտավորություններ՝ ներառյալ ուսանողների եւ դասախոսների փոխանակման միջոցով։
Պարոն Զաքոյանը, ջերմորեն ողջունելով հյուրերին, բարձր գնահատեց համագործակցության այս նոր հնարավորությունը եւ դրա հեռանկարները՝ թե անմիջական երկկողմ փոխգործակցության եւ թե միջազգային կառույցների աջակցությամբ։
Հյուրերը, հավաստիացնելով համագործակցության վերաբերյալ իրենց հաստատակամ մտադրվածությունը, նշեցին, որ բավականին լավ հեռանկարներ են տեսնում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ուղղություններով։ Արձագանքելով ակնկալվող գործակցության հաջողության համար Ագրարայինում առկա հնարավորությունների մասին պարոն Զաքոյանի հակիիրճ անդրադարձին, նրանք առանձնակի հետաքրքրություն ցուցաբերեցին աշխատանքային կիսամյակի գործելակերպի նկատմամբ։ Նշեցին, որ մեծապես տպավորված են մեր համալսարանի՝ վերջին տարիներին շարք մտած արդիական ու գերարդիական լաբորատորիաներով, որոնցից մի քանիսում հասցրել են լինել։
Գործակցային համանման հուշագիր են ստորագրել նաեւ բուսաբուծական մթերքների վերամշակման տեխնոլոգիաների ամբիոնի վարիչ Նունե Սիմոնյանը եւ Տաշքենդի պետական ագրարային համալսարանի Գյուղատնտեսական մթերքի պահեստավորման եւ վերամշակման դեպարտամենտի ղեկավար Սուլթոն Շարիպովը։
Տաջիկստանցի եւ ուզբեկստանցի գործընկերները հավաստիացրին, որ ջանքեր կգործադրեն Ագրարային համալսարանի հետ գիտակրթական եւ բարեկամական կապերը պահպանելու եւ զարգացնելու համար։
Կենտրոնասիական վերոնշյալ բուհերի պատվիրակությունները Հայաստանում էին ԵՄ, Առեւտրի միջազգային կենտրոնի եւ Շվեյցարիայի համադաշնության կառավարության աջակցությամբ Երեւանում կազմակերպված աշխատաժողովին մասնակցելու առաքելությամբ, որի վերջին օրը կայացավ ՀԱԱՀ-ում երեկ՝ փետրվարի 8-ին։
- 09/02/2024
- 2024