Այսօր հերթական անգամ ՀՀ-ում նշում ենք անասնաբույժի օրը, ինչը լավ առիթ է երախտագիտություն հայտնելու այն պատվաբեր եւ պատասխանատու աշխատանքի համար, որը կատարում են անասնաբույժները։
Հաճելի է արձանագրել, որ տասնամյակներ շարունակ մեր երկրում գործող անասնաբույժների մեծ բանակն իր մասնագիտական կրթությունն ու «մկրտությունը» ստացել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանում:
Հաշվի առնելով մասնագիտության կարեւորությունը, ՀՀ կառավարությունը սահմանել է ամսական 50 հազար դրամ կրթաթոշակ քոլեջներում եւ 70 հազար դրամ Ագրարային համալսարանում անասնաբույժի մասնագիտությամբ սովորողների համար։
Ինձ համար հատկապես ուրախալի է այն փաստը, որ անասնաբույժի մասնագիտությունն ընտրած մեր ուսանողները, թե´ միջին մասնագիտական եւ թե´ բարձրագույն կրթական մակարդակներում, իրենց ավագ գործընկերներին հիացնում են իրենց գիտելիքներով եւ մասնագիտության հանդեպ նվիրվածությամբ։ Պատահական չէ, որ ուսանողներից շատերը, փորձուսուցման իրենց վայրերից վերադառնում են կամ արդեն տվյալ գործատուի աշխատողի կարգավիճակով կամ՝ աշխատանքի առաջարկ ստացած։ Իսկ Անասնաբույժի օրվան նվիրված «Անասնաբույժը՝ առողջ հասարակության պահապան» խորագրով այսօրվա համաժողովի պանելային քննարկումների բանախոսներից մեկը հենց Ագրարային համալսարանի Ա․ Քոչինյանի անվան քոլեջի ուսանողուհիներից էր։ Դեռ ուսանողական նստարանից նրանք աշխատանքային այնպիսի ձեռքբերումներ են ունենում, որ ավագ գործընկերների անկեղծ հարգանքին են արժանանում։
Նման ուսանողների հաջողություններով ոգեւորված, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ագրարային համալսարանում եւ համալսարանի կազմի մեջ գործող քոլեջներում անասնաբույժ մասնագետներ պատրաստող բոլոր գործընկերներիս եւ սրտանց շնորհավորել նրանց եւ երկրի բոլոր անասնաբույժներին իրենց մասնագիտական տոնի՝ Անասնաբույժի օրվա առթիվ։



