ՀԱԱՀ ռեկտորը հանդիպում է Իսպանիայում ՀՀ դեսպանի եւ պատվո հյուպատոսի հետ

Այսօր՝ հունիսի 17-ին  ավարտվեց ռեկտոր Վարդան Ուռուտյանի Իսպանիա՝ Մալագայի համալսարան կատարած այցը։ Այդ համալսարանի Տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Էուգենիո Խոսե Լուկ Դիմինգեսի եւ ֆակուլտետի այլ գործընկերների հետ հանդիպումը այցի ծրագրով նախատեսված վերջինն էր Մալագայի համալսարանում։

Գործընկերային ջերմ մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում, ճանաչողական տեղեկատվության փոխանակումից հետո, քննարկվեցին երկու համալսարանների, մասնավորապես տնտեսագիտական ֆակուլտետների միջեւ համագործակցության հնարավոր ուղղությունները, ձեռք բերվեցին նախնական պայմանավորվածություններ։

Այցի վերջին օրը ռեկտոր Ուռուտյանը Իսպանիայի Թագավորությունում Հայաստանի պատվո հյուպատոս Ալբերտո Բենիտո Գարսիայի նստավայրում հանդիպեց այդ երկրում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Սոս Ավետիսյանի հետ։ Նախապես չպլանավորված հանդիպումը երկուստեք հետաքրքիր եւ օգտակար եղավ։ Դեսպան Ավետիսյանը, մասնավորապես, պատրաստակամություն հայտնեց հնարավորինս աջակցել ուսանողների փոխանակմանը, Ագրարային համալսարանի ուսանողների աշխատանքային փորձուսուցումները Իսպանիայի ագրոբիզնեսի ոլորտի ընկերություններում անցկացնելու գործընթացին՝ այնտեղ ստացած փորձն ու գիտելիքները Հայաստանում կիրառելու նկատառումով։

Պատվո հյուպատոս Բենիտո Գարսիայի եւ դեսպան Ավետիսյանի հետ հանդիպմամբ էլ ավարտվեց ռեկտոր Ուռուտյանի հագեցած այցը Մալագայի համալսարան։