Իրազեկված եւ պաշտպանված անհատի իրավունքը աշխատանքի աշխարհում

2003-ից ի վեր Աշխատանքի միջազգային կազմակերպության (ILO) նախաձեռնությամբ ապրիլի 28-ին նշվում է Աշխատանքի պաշտպանության միջազգային օրը: Եւ դա պատեհ առիթ է, որ հատկապես պատանիների եւ երիտասարդների շրջանում իրազեկման բանախոսություններ իրականացվեն, որպեսզի աշխատաշուկա նոր մուտք գործող մարդիկ լավ իմանան իրենց իրավունքներն ու պարտականությունները:

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ներկայացուցիչները հանդիպումների շարք են նախաձեռնել, եւ հաճելի է, որ այն մեկնարկեց Ագրարային համալսարանից ապրիլի 14-ին:

Հյուրերին ողջունեց եւ ձեռնարկը բարձր գնահատեց ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Գագիկ Թովմասյանը: Նա նշեց, որ աշխատանքը յուրաքանչյուր քաղաքացու իրավունքն է եւ շատ կարեւոր է, որ ուսանողները պատշաճ կերպով տեղեկացված լինեն բոլոր նրբությունների մասին: Պրոռեկտորը նաեւ հույս հայտնեց, որ նման հանդիպումները պարբերական բնույթ կունենան. «Սա շատ կարեւոր է ակադեմիական միջավայրի համար»:

Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Վահագն Գրիգորյանը, աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության պետ Արա Մկրտչյանը, աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժնի պետ Ալվարդ Արշակյանը երիտասարդներին շատ մատչելի, սահիկաշարերի ուղեկցությամբ ներկայացրեցին մեր երկրի Սահմանադրությամբ ամրագրված աշխատանքի իրավունքի եւ ընթացակարգերով հստակեցված աշխատանքի անվտանգության հիմնախնդիրները:

Աշխատանքային պայմանագիր (եւ լուծում), փորձաշրջան, պատշաճ-անվտանգ-անվնաս պայմաններ, օպտիմալ-թույլատրելի-վնասակար միջավայր, հեռավար աշխատանք. այս (եւ ոչ միայն) հարցերը քննարկվեցին մեկ նպատակ-համոզմունքով, որ իրազեկված մարդը պաշտպանված կլինի, չէ՞ որ անտեղյակությունը ոչ մեկին չի ազատում պատասխանատվությունից:

Նշանակում է երիտասարդ, նոր ուժերը պետք է իրենց կյանքի կարեւորագույն էջի՝ աշխատանքային գործունեության մեկնարկի պահին տեղեկացված լինեն: Եւ միանգամայն օրինաչափ էր, որ ուսանողները շատ հարցեր ուղղեցին հյուրերին ու ստացան սպառիչ պատասխաններ: