Գիտական համայնք․ երբ կապվում են իրական եւ թվային աշխարհները

Երեկ՝ հոկտեմբերի 26-ին, ԵՊՀ-ում ի մի էին եկել երկրատեղեկատվական համակարգերի կիրառությամբ, քարտեզագրության հիմնախնդիրներով զբաղվող մասնագետները: Սա կարելի է նաեւ համայնք համարել, քանզի փոխկապված-փոխլրացնող են նրանց աշխատանքների ուղղությունները:

«Իրական եւ վիրտուալ միջավայրերի թվային կապակցում» ծրագրի շրջանակում հրավիրված «Թվային երկրի սիմպոզիում. կապելով իրական եւ վիրտուալ աշխարհները» համաժողովում, բնականաբար ներկայացված էր նաեւ Ագրարայինը: Այստեղ ե´ւ «գեոտակցիներն» էին, ե´ւ պրոֆեսոր Պարույր Էֆենդյանը: Դոցենտ Նանե Խուդավերդյանն էլ թեեւ ներկայացնում էր ՀՀ կադաստրի կոմիտեն, բայց մեր բուհի պատրաստած կադրն է, ՀԱԱՀ դասախոս:

Ջրային եւ հողային ռեսուրսների կառավարման ամբիոնի մասնագետ Արմինե Համբարձումյանի զեկուցումը նվիրված էր մեր երկրի լեռնամարգագետնային գոտու հազվագյուտ բույսերի տարածման արեալների ուսումնասիրմանը, դրանց հաշվառման քարտեզագրման խնդիրներին, հատկապես, որ այդ շարքում կան նաեւ անհետացման եզրին հայտնված տեսակներ:

Բոլոր զեկուցումները լսվել են մեծ հետաքրքրությամբ, նախանձախնդրորեն-շահեկանորեն քննարկվել են: Մասնակիցները համակարծիք են՝ այս կարգի համաժողովները նպաստում են ընդհանուր աշխատանքի եւ արդյունքների լավարկմանը: