Գիտխորհրդի հերթական նիստը կայացավ ապրիլի 29-ին, ռեկտոր Հրաչյա Զաքոյանի նախագահությամբ։ Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության, Ագրարային ճարտարագիտության եւ Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետների ուսումնամեթոդական եւ գիտական աշխատանքների կատարման ընթացքին եւ նյութատեխնիկական ապահովվածությանը վերաբերող օրակարգային հարցով զեկուցումներ ներկայացրին դեկանները։ Ըստ այդմ, աշխատանքներն ընթանում են բնականոն հունով. արձանագրվեց, որ լաբորատորիաների տեխնիկական հագեցվածությունը անընդհատ գործընթաց է, քննարկվում են վերազինման հնարավորություններն այն օղակներում, որտեղ դրա կարիքը կա, եւ ավելացել են միջազգային չափորոշիչներին համապատասխանող ուսումնահետազոտական նոր լաբորատորիաներ։
Ինքնուրույն աշխատանքների հարցը եւս մեկ անգամ քննարկման առարկա դարձավ։ Ռեկտոր Զաքոյանը նշեց, որ ինքնուրույն աշխատանքը ուսանողի կատարած աշխատանքի հիմնական ցուցիչն է եւ շատ կարեւոր է ուշադրությունը սեւեռել դրանց որակի ապահովման վրա՝ բացառելով ձեւական մոտեցումները։ Քննարկման ընթացքում թեման իր զարգացումներն ունեցավ․ մասնավորապես արձանագրվեց, որ, թեպետ ուսանողի խոսքը գնալով ավելի «բացվում» է, այնուամենայնիվ, ինչպես նշեց ռեկտոր Զաքոյանը, անհրաժեշտ է, հիմնվելով ուսանողի կարողությունների վրա, օգնել նրան արժեհամակարգ ձեւավորելու (փոխելու) հարցում։
Ուսումնափորձնական տնտեսությունների գործունեության, մասնագիտական ամբիոնների հետ կապի, առկա խնդիրների եւ բարելավման ուղիների մասին զեկուցեցին Բալահովիտ եւ Ակունք ՈՒՓՏ-ի տնօրեն Գարիկ Մնացականյանը եւ Ոսկեհատ ՈՒՓՏ-ի տնօրեն Աբրահամ Ղուկասյանը։ Բալահովիտում տնտեսության արդիականացման, ցորենի, իսկ Ակունքում՝ հատապտուղների ցանքատարածություններն ընդլայնելու լավ հնարավորություններ կան։ Ուսանողները մշտապես այցելում են (Ակունքում՝ նույնիսկ ոչ աշխատանքային օրերին, Ոսկեհատում՝ նաեւ հասարակական տրանսպորտով եւ զգալի ճանապարհահատված՝ ոտքով) տնտեսություններ։ Ռեկտոր Զաքոյանն առաջարկեց ՈՒՓՏ-ներում ստեղծվող շահույթի կեսը տրամադրել աշխատակիցներին․ այսպիսի խրախուսանքն իր հերթին կնպաստի տնտեսությունների առողջացմանը։ Իսկ առողջացման գործընթացն առհասարակ պետք է կատարվի համալսարանի մասնագետների խորհրդատվությամբ։
Ոսկեհատ ՈՒՓՏ-ն, որտեղ Աբրահամ Ղուկասյանի՝ տնօրեն նշանակվելուց ի վեր ակնհայտ են առողջացման միտումները, նույնպես ունի զարգացման մեծ ներուժ՝ ինտենսիվ պտղատու, խաղողի այգիներում, բանջարաբոստանային մշակաբույսերի ցանքատարածություններում համալսարանի գիտնականների փորձերի ավելացման, խորքային հորի կառավարումն արտապատվիրելու միջոցով գարու եւ առվույտի սերմարտադրություն սկսելու, ՀԱԱՀ-ի գինու գործարանի հարեւանությամբ առկա՝ բոլոր կոմունկացիաներով ապահովված 4 հա տարածքի վրա ջերմատնային տնտեսություն հիմնելու, գինու շուկայում առկա պահանջարկից ելնելով խաղողի նոր մշակաձեւերի ներդրման համար։
ՀԱԱՀ Գյուղմեքենայացման եւ ավտոմատացման գիտահետազոտական ինստիտուտի դաշտավարության եւ անասնապահության մեքենայացման բաժնի վարիչ Արթուր Ալթունյանի առաջարկով որոշվեց բաժնի ստեղծած՝ այգիների մերձբնային մշակության ֆրեզիչ մեքենաների փորձարկումներ անել համալսարանի ՈՒՓՏ-ներում։ Առաջարկը սիրով ընդունվեց, իսկ պարոն Զաքոյանն այս առումով ասաց, որ ՈՒՓՏ-ները նախեւառառաջ փորձնական եւ ուսումնական աշխատանքների կազմակերպման համար են, իսկ տնտեսական նպատակահարմարությունը երկրորդ խնդիրն է։ Եզրափակելով քննարկումը, ռեկտորը նշեց․ «Ուսումնափորձնական տնտեսությունների առողջացման եւ զարգացման խնդիրը հստակ դրված է, ամբիոնների հետ նրանց կապը՝ գործուն․ այժմ նոր եւ տպավորիչ արդյունքների ակնկալիքներ ունենք»։
Միջազգային համագործակցության ներկա վիճակի եւ խնդիրների մասին միջազգային կապերի դեպարտամենտի պետ Գարեգին Համբարձումյանի զեկուցումից բավականին մտահոգիչ պատկեր ուրվագծվեց այն առումով, որ, թեեւ ՀԱԱՀ-ի էրազմուսյան ծրագրերի ծավալը չի նվազել, սակայն կարողությունների զարգացման նախագծերը ավարտվել կամ ավարտման փուլում են։ Ուսանողական շարժունությունը նվազել է, որը, տարածաշրջանային իրավիճակի եւ բուհերի միջեւ մրցակցության ավելացման առարկայական պատճառներին զուգահեռ, բացատրվում է նաեւ օտար լեզուների, հատկապես անգլերենին տիրապետողների մտահոգիչ ցածր թվով։ Պարոն Համբարձումյանը որպես համալսարանի միջազգայնացման ճանապարհին ծառացած ներքին խոչընդոտ ներկայացրեց Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնից բացի՝ ամբողջապես օտարալեզու կրթական այլ ծրագրերի բացակայությունը։ Ռեկտոր Զաքոյանն ասաց, որ քննարկվում է ԱՈՒԿ-ում ամբողջական՝ եռամյա կրթական ծրագիր ունենալու հարցը, որի համար կան բոլոր նախադրյալները։
Ընթացիկ հարցերի շարքում գիտխորհուրդը մասնավորապես հաստատեց գիտության թեկնածուի գիտական աստիճան հայցող հավակնորդներին եւ նրանց աշխատանքների թեմաները, ինչպես նաեւ Ա․ Քոչինյանի անվան քոլեջում եւ ՀԱԱՀ մասնաճյուղերում ուսման վարձավճարների չափերի փոփոխությունը, որը նախապես հիմնավորվել եւ ռեկտորատում քննարկվել էր։

























