«Թիրախում ագրարայինի անասնաբուժական ֆակուլտետն է» վերնագրով երեկվա հրապարակման մեջ yerkir.am լրատվական կայքը նշում է, որ ըստ իր տեղեկությունների՝ ՀԱԱՀ Անասնաբուժական բժշկագիտության եւ անասնաբուծության ֆակուլտետը փակվելու է ուսանողների փոքր թվաքանակի բերումով։
Արձանագրենք երկու առանցքային նկատառում։
Ըստ համալսարանի համապատասխան կանոնակարգի, որի մասին հիշատակում է նաեւ yerkir.am-ը, ֆակուլտետը ձեւավորվում է առնվազն 200 ուսանողի առկայության պարագայում։ Այս պահին Անասնաբուժական բժշկագիտության եւ անասնաբուծության ֆակուլտետում սովորում է 210 ուսանող։ Բակալավրիատի 65 ուսանողներն այս ուստարվա վերջին կավարտեն, եւ լրատվամիջոցը գրում է, որ ֆակուլտետում կմնա 145 ուսանող․․․ Ափսոս, որ գուշակություններ չեն արել գալիք ուստարում ուսանողների սպասվող համալրման մասին։
Երկրորդ եւ շատ ավելի կարեւոր հանգամանքն այն է, որ, անկախ այն բանից, թե ֆակուլտետը քանի ուսանող կունենա առաջիկա ուսումնական տարում, ֆակուլտետը պիտի մնա․ ո՞րն է երկրի համար ավելի առաջնային՝ բակալավրի եւ մագիստրոսի որակավորմամբ բարձրակարգ անասնաբույժներ, անասնաբույժ-փորձագետներ եւ անասնաբույծ մասնագետներ ունենա՞լը, թե՞ կանոնակարգը, որ կարելի է փոփոխել ու լրացնել, ինչպես արվում է միշտ եւ ամենուրեք։ Իսկ երկրի համար կարեւորագույն նշանակություն ունեցող հիշյալ մասնագետներին պատրաստում են միայն Ագրարային համալսարանում։
Անասնաբուժություն, անասնաբուժական սանիտարական փորձաքննություն, անասնաբուծություն մասնագիտությունները պետության համար ռազմավարական նշանակություն ունեն։ Դրանք ուղղակիորեն առնչվում են ամբողջ հասարակության առողջությանն ու բարեկեցությանը։ Ուստիեւ պետական ու հանրային հզոր աջակցություն է անհրաժեշտ ոլորտում բարձրագույն կրթություն ապահովող միակ բուհին՝ ուսանողների համալրման հարցում։
Ֆակուլտետի դեկանը եւ աշխատակիցները վճռական են՝ ֆակուլտետի պահպանման հարցում, որ առանց չափազանցության կնշանակի՝ երկրի ու ազգի առողջության ու բարեկեցության պահպանում։