Ռեկտորատի երեկվա՝ փետրվարի 8-ի նիստը մեկնարկեց նախագահողի՝ ռեկտոր Վարդան Ուռուտյանի հայտնած այն լուրով, որ նույն օրը համալսարանում հյուրընկալված ԱԿԲԱ բանկի խորհրդի նախագահը պատրաստակամություն է հայտնել աջակցել մարզային դպրոցներում ագրադասարաններ ստեղծելու՝ համալսարանի նախաձեռնությանը։
Դեկանները, Ագրոբիզնեսի դեպարտամենտի պետը, քոլեջի տնօրենը հանդես եկան 2022-2023 ուստարվա 1-ին կիսամյակի քննությունների արդյունքների մասին հաղորդումներով․ դեկանները խոսեցին նաեւ աշխատանքային կիսամյակի անցկացման արդյունքների մասին՝ բացի Ագրոնոմիականի դեկանից, որը համանման հաղորդում ներկայացրել էր նախորդիվ։ Քննությունների, հետեւաբար եւ առաջադիմության, բավականին բարձր ցուցանիշ է արձանագրվել։ Իսկ կիսամյակների առումով, ինչպես պարզվեց, մյուս ֆակուլտետները եւս Ագրոնոմիականից ոչ պակաս դրական արդյունքներ են գրանցել։
Աշխատանքային կիսամյակի ձեւաչափով, մեծ մասամբ վճարովի (այդ թվում՝ մասնակի) հիմունքներով անցկացված փորձուսուցումից հետո բոլոր ֆակուլտետներից բազմաթիվ ուսանողների մասնագիտական աշխատանք է առաջարկվել։ Ռեկտոր Ուռուտյանը, արձանագրելով այս գործելակերպի կայացածության փաստը, որի վկան են մասնավոր հատվածի ընկերություններում եղած հաջողության բազմաթիվ պատմությունները, ընդգծեց հաջորդ կիսամյակներն էլ ավելի արդյունավետ անցկացնելու անհրաժեշտությունը։ Դեկանները հավաստիացրեցին, որ որպես երկրում առաջին փորձ, այն մեծ հաջողություն է ունեցել, իսկ արձանագրված թերությունները կշտկվեն հաջորդ փորձուսուցման ժամանակ։ Խոսվեց նաեւ աշխատանքային կիսամյակի հաջողված գործելակերպը այլ բուհերի համար հասանելի դարձնելու պատրաստակամության մասին։
Երկրորդ կիսամյակի ուսումնական պարապմունքների կազմակերպման ընթացքի, խնդիրների եւ դրանց լուծումների վերաբերյալ օրակարգային հարցի քննարկումը ցույց տվեց, որ վիճակն ընդհանուր առմամբ բարվոք է։ Համալսարանական միջավայրին դեռեւս ոչ լիարժեք ինտեգրված կրտսեր քոլեջականների վերաբերմամբ ձեռնարկված միջոցառումները, նրանց եւ ծնողների հետ բացատրական աշխատանքը էական դրական ազդեցություն են ունեցել ընդհանուր եւ ֆինանսական կարգապահության բարձրացման, վարքագծային կանոնների պահպանման առումով։ Ռեկտոր Ուռուտյանը շեշտեց քոլեջականների ինտեգրման, ընդհանուր թիմային ոգին նրանց մեջ սերմանելու գործընթացի շարունակականության անհրաժեշտությունը։
Ուսումնական պարապմունքների կազմակերպման բուն գործընթացը, ներառյալ վերահանձնումները, Ուսումնական գործընթացի կառավարման վարչության պետ Արմեն Աղասարյանի հավաստիացմամբ, ընթանում են բնականոն հունով։ Պրոռեկտոր Զաքոյանը նշեց, որ վերահանձնումների առումով դրական զարգացում է նկատվում․ ուսանողները, այդ թվում հեռակա համակարգի, ձգտում են ոչ միայն դրական, այլեւ բարձր գնահատականի։ Պարոն Զաքոյանը նաեւ անհրաժեշտ համարեց ավելի շատ աշխատել հեռակայի ուսանողների հետ՝ հեռակա դեպարտամենտի լուծարումից եւ համակարգի կրթական ծրագրերը դեկանատներին փոխանցելուց հետո գործող նոր կանոնների մասին տարբեր ձեւաչափերով իրազեկելու համար։
Ռեկտոր Ուռուտյանն այս առումով անհրաժեշտ համարեց նաեւ հեռակա համակարգի ուսանողների հաջողությունների հանրայնացումը, որը կօգնի վերացնել առկա-հեռակա «ավանդական» խզումը, այդ թվում՝ հեռակայի ուսանողներին ավելի ակտիվորեն ներգրավելով համալսարանի նոր լաբորատորիաներում ու կենտրոններում գործնական հմտություններ ստանալու կարճաժամկետ ծրագրերում։