Ագրարայինը ԴիջիԹեքում․ ճշգրիտ գյուղատնտեսության հայեցակարգի ու աշխարհակարգի ժամանակը

Մարտի 12-ին Մարզահամերգային համալիրում ավարտվեց «Դիջիթեք 2023» եռօրյա ցուցահանդեսը, որին Ագրարային համալսարանը մասնակցում էր երկու տաղավարով։ Դրանցից մեկում ցուցադրվում էին ՀԱԱՀ ճշգրիտ գյուղատնտեսության կենտրոնի գյուղատնտեսական անօդաչու թռչող սարքերը, գեոդեզիական եւ այլ սարքավորումները։ Մյուս տաղավարում այցելուները հնարավորություն ունեին ծանոթանալու  «Հայաստանի տեխնոլոգիական ապագան» (ՀՏԱ) նախաձեռնությանը, որի մաս է կազմում Ագրարայինը՝ ի թիվս հայաստանյան հինգ համալսարանների։

«ԴիջիԹեք 2023»-ին մասնակցեց ռեկտոր Վարդան Ուռուտյանը։

Համանուն համաժողովին զուգընթաց անցկացվող Դիջիթեք ցուցահանդեսը համարվում է իր տեսակի մեջ տարածաշրջանում ամենամեծը։ Այս տարի ցուցահանդեսը, որ արդեն 18-րդն է, Մարզահամերգայինի հարկի տակ էր հավաքել ավելի 800 մասնակիցների։ Իրադարձության հանդեպ հետաքրքրությունն ու ակնկալիքներն աննախադեպ մեծ էին եւ ըստ ամենայնի՝ արդարացված։

Տարբեր տարիքի ու զբաղմունքի տեր բազմաթիվ այցելուներն առանձնակի հետաքրքրությամբ էին ծանոթանում ագրոդրոններին, դրանց գործառույթներին եւ կարեւոր դերին այսօրվա գյուղատնտեսության արդյունավետ վարման գործում։ Թվային տեխնոլոգիաների օգտագործման այսօրվա ինտենսիվությունն ու մակարդակը եւ «Ճշգրիտ գյուղատնտեսություն» մասնագիտության առկայությունն ու կարեւորությունը շատերի համար բացահայտում էին։ Ծանոթանալով համապատասխան կարճատեւ դասընթացների վերաբերյալ տպագիր նյութերին, շատերը դրանց մասնակցելու ցանկություն էին հայտնում։ Այցելուները հեռավար եղանակով իրական ժամանակում կարող էին հետեւել նաեւ համալսարանի թվային եղանակային կայանին եւ ջերմատան ֆարմբոտ ռոբոտային համակարգին։

«Հայաստանի տեխնոլոգիական ապագան» (ՀՏԱ) տաղավարում Հայաստանի ազգային ագրարային համալսարանը, ԵՊՀ-ն, Հայաստանում ֆրանսիական համալսարանը, Հայաստանի ամերիկյան համալսարանը, Հայ-ռուսական համալսարանը եւ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը համատեղ ներկայացրեցին 2022 թ․ մայիսին ստեղծված նախաձեռնությունը, որի նպատակը բարձրտեխնոլոգիական եւ գիտակրթական կարողությունների զարգացման ոլորտներում համագործակցությունն է՝ առաջնորդվելով պետական շահի պաշտպանության սկզբունքով։

Երկու տաղավարների այցելուներին բազմակողմանի տեղեկություններ հաղորդեցին համալսարանի Հողային եւ ջրային ռեսուրսների կառավարման ամբիոնի դասախոսները, ճշգրիտ գյուղատնտեսության կենտրոնի մասնագետները, համագործակցության եւ զարգացման ծրագրերի պատասխանատուները, որոնց հաճույքով էին միանում միջազգային կապերի եւ կրթական բարեփոխումների գծով պրոռեկտոր Մարիամ Մովսիսյանը, Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի դեկան Արման Սիմոնյանը, աշխատակազմի ղեկավար Լուսինե Մնացականյանը։