Վերջին շաբաթների ընթացքում համալսարանը վերապատրաստումների «հորձանուտի» մեջ է. ըստ էության, վերապատրաստվում են բոլոր ամբիոնների դասախոսները՝ մասնագիտական ու մերձմասնագիտական բոլոր հնարավոր թեմաներով:
Երեկ՝ մայիսի 6-ին, ավարտվեց «Թվային լուծումները գյուղատնտեսության ոլորտում» թեմայով եռօրյա վերապատրաստումը Ագրարային էկոնոմիկայի ամբիոնի դասախոսների համար: Դասընթացավարը ՀԱԱՀ ագրոտեխնոլոգիաների ինկուբատորի, ինչպես նաեւ Nation in Action կրթական, ձեռնարկչական եւ մասնագիտական զարգացման հարթակի ղեկավար Հովհաննես Երիցյանն էր, որը նորովի լույս սփռեց մեր դասախոսներին քաջածանոթ ագրարային տնտեսության զարգացման տեխնոլոգիական-թվային լուծումների վրա:
Վերապատրաստման առաջին օրը պարոն Երիցյանը ներկայացրեց այսօրվա աշխարհում առհասարակ տեղեկատվական տեխնոլոգիաների կարեւորագույն դերը: Տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաներն աշխարհում սկսել են կիրառվել անցյալ դարի 90-ականներից: Այսօր դրանց աստիճանաբար փոխարինում են բլոկչեյն տեխնոլոգիաներն ու արհեստական բանականությունը: Արձանագրվեց՝ առանց վերջիններիս՝ առաջընթաց չի լինի որեւէ ոլորտում, այդ թվում՝ ագրոոլորտում: Իսկ այդ տեխնոլոգիաներն էլ գործի դնելու եւ արդյունք ապահովելու համար, ինչպես պարզաբանեց Հովհաննեսը, անհրաժեշտ է 21-րդ դարին բնորոշ շարժունություն դրսեւորել:
Մեր գյուղատնտեսագետներն արձանագրեցին նաեւ, որ ամեն տարի չորս միլիարդ ԱՄՆ դոլարի ներդրում «հրապուրող» ագրոտեխնոլոգիաների ստարտափների ոլորտը զարգանում է նաեւ Հայաստանում, իսկ ՀԱԱՀ ագրոտեխնոլոգիաների ինկուբատորը, չնայած իր շատ կարճ պատմությանը, հասցրել է դառնալ այդ զարգացման առաջատար ուժը:
Պարոն Երիցյանը ներկայացրեց ՏՀՏ գաղափարների իրացման բազմաթիվ վառ օրինակներ՝ դրանով իսկ հաստատելով իր այն միտքը, թե գյուղատնտեսության եւ գյուղի զարգացման ոլորտներում ՏՀՏ կիրառությունը ոչ միայն խրախուսելի է, այլեւ պարզապես այլընտրանք չունի:
Տնտեսագետ գործընկերները, որոնցից շատերը ոչ հեռավոր անցյալում Հովհաննեսի դասախոսներն են եղել, նրանից իմացան նաեւ, որ զուտ տեխնոլուծումները որպես այդպիսին բավարար չեն բիզնեսում հաջողելու համար, անհրաժեշտ են նաեւ այսպես կոչված ակտիվարարներ, որոնք էլ օգնում են գաղափարը նախանշված նպատակին հասցնել: Իսկ նպատակն, ի վերջո, հանգում է դրամի եւ ժամանակի խնայողությանը:
Դասընթացի երկրորդ օրը Հովհաննես Երիցյանն ավելի մանրամասնորեն ներկայացրեց ՏՀՏ դերն ու կարեւորությունը գյուղոլորտում, ցույց տալով որպես Ագրարային համալսարան մեր հսկայական դերը երկիրն ու աշխարհը կերակրելու հարցում: Այս առումով, տեխնոլուծումները ծառայում են եւ ծառայելու են հարակայուն գյուղատնտեսության զարգացման հրամայականին, քանզի այլ գյուղատնտեսություն, ինչպես հստակ հասկացանք Երիցյանի բազմակողմանի, խոր, պրոֆեսիոնալ վերլուծությունից՝ չի լինելու. մեր երկիրը պետք է նորագույն տեխնոլոգիաներով եւ առավելագույն արդյունավետությամբ վարի գյուղատնտեսությունը՝ նվազագույնի հասցնելով բնությանը հասցվող վնասը:
Շարունակելով եւ զարգացնելով թեման՝ դասընթացի երրորդ օրը Հովհաննեսը խոսեց, ներկաների հետ քննարկեց գյուղատնտեսության ոլորտում տեխնոլոգիական լուծումների երկու կարեւոր հենքերի՝ ստեղծագործականության եւ նորարարության, թվային ագրոբիզնեսի հինգ պարզ տեսակների, ոլորտում տեխնոգաղափարների իրականացման, ստարտափների պլանավորման, հիմնադրման եւ գործադրման, մեթոդաբանության, գոյություն ունեցող առասպելների եւ հարակից այլ խնդիրների մասին: Քննարկվեցին նաեւ ստարտափների ստեղծման հերթական քայլերը, որոնք սկսվում են հիմնախնդրի ձեւակերպումից, այնուհետեւ անցնում թիրախային հաճախորդների նախանշման, եզակի արժեքի ստեղծման, լուծումների կիրառման, մրցակիցների ուսումնասիրման, եկամուտների հոսքի եւ ծախսերի կառուցվածքի որոշարկման եւ այլ անհրաժեշտ փուլերով:
Լսարանի եւ բանախոսի միջեւ արդեն եղած վերոնշյալ կապից զատ, ստեղծվեց եւս մեկ, նոր որակի կապ, որը կարող է հետաքրքիր պտուղներ տալ՝ տեխնոլոգիական լուծումներ համատեղ որոնելու, գտնելու եւ ոլորտին ու համալսարանի ուսանողներին հրամցնելու առումով: Պատահական չէր, որ Ագրարային էկոնոմիկայի ամբիոնի վարիչ Վարդան Ալեքսանյանը հենց այս թեման եւ հենց այս բանախոսին էր ընտրել: Դասընթացի ավարտին պարոն Ալեքսանյանը շնորհակալություն հայտնեց Հովհաննես Երիցյանին՝ բովանդակալից ու կարեւոր տեղեկատվության համար, որ դարձավ ամբիոնի աշխատակիցների սեփականությունը, հնարավոր է՝ նաեւ հետագա ծրագրերի ու նախագծերի հիմքը:
Ի դեպ, պարոն Ալեքսանյանն իր ղեկավարած ամբիոնի վերապատրաստման երկրորդ թեման էլ է ընտրել՝ «Կանաչ գյուղատնտեսություն»: Այն կմեկնարկի առաջիկա շաբաթվա ընթացքում: