Նա մի զարկն էր մեր կռվի. Շտապում էր օգնել բոլորին

Հիմա էլ շտապեց…

Շտապեց կամավորագրվել պատերազմի հենց առաջին օրերին: Ժամկետային ծառայության ժամանակ գնդացրորդ էր եղել: Օրհասի պահին անմիջապես վճռեց՝ այնտեղ իր կարիքը շատ կլինի:

Յուրի Օհանյանը ավարտել է ՀԱԱՀ հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարանը, սովորում էր հեռակա համակարգում, սննդամթերքի փորձաքննություն մասնագիտացմամբ: Մայրը՝ Նելլի Խաչատրյանը նույն վարժարանի մաթեմատիկայի ուսուցչուհիներից է: Սիրված, գնահատված մանկավարժ, որ անդադար աշխատում է իր մասնագիտական որակներն էլ ավելի բարձրացնելու ուղղությամբ, ձգտում է կրթության ժամանակակից միտումներին համաքայլ լինել:

Որդին էլ ժառանգել էր մոր հատկանիշները՝ սովորել, արարել՝ անդադար: Եւ հասցնում էր օգնել-աջակցել կարոտյալներին: Հասցնում էր աշխատել, հասցնում էր իր սիրառատ բնույթով բարությամբ օծել միջավայրը: Որտեղ էլ լիներ:

– Աննկարագրելի երիտասարդ էր,- ասում է ինֆորմատիկայի դասախոս՝ Նարինե Նասիլյան-Հովակիմյանը,- խելացի, բարի, բոլորին հասնող-նվիրվող:

Հիմա էլ շտապեց նվիրել-նվիրաբերել… իր ընդամենը 22 գարուն տեսած կյանքը՝ մեր, բոլորիս հաղթանակի բագինին…