ՀԱԱՀ 90-ամյակի միջոցառումների շրջանակում համալսարանի պատվիրակության այցը Արցախի Հանրապետություն

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի պատվիրակությունը ռեկտոր Վարդան Ուռուտյանի գլխավորությամբ օգոստոսի 7-ից գտնվում է Արցախում։ Այցը համալսարանի 90-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների շրջանակում է։

Ագրարայինի պատվիրակությանը, որի կազմում են նաեւ ՀԱԱՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ռոբերտ Մակարյանը եւ Հայաստանի Խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանը, առաջինը ընդունեց ԱՀ գյուղատնտեսության նախարար Աշոտ Բախշիյանը։ Հանդիպմանը մասնակցում էր նաեւ ԱՀ գյուղնախարարի տեղակալ Ջիվան Հայրապետյանը։ Քննարկվել են համալսարանի, հիմնադրամի եւ ԱՀ գյուղնախարարության միջեւ համագործակցության հետագա զարգացման տարբեր ուղղություններ, որի նպատակն ի վերջո ոլորտի առջեւ ծառացած ընդհանուր մարտահրավերների համար հնարավոր լավագույն լուծումները գտնելն է։

Ռեկտոր Ուռուտյանը մասնավորապես անդրադարձել է գյուղատնտեսության զարգացման՝ ՀՀ կառավարության կողմից սուբսիդավորվող հեռանկարային ծրագրերին, որոնց իրականացման պարտադիր ու կարեւոր օղակ են ՀԱԱՀ-ում իրականացվող վերապատրաստման-հավաստագրման կարճաժամկետ դասընթացները։ Գյուղնախարարի հետ հանդիպման ժամանակ քննարկվել է համանման դասընթացներ նաեւ Արցախի մեր գործընկերների համար անցկացնելու հարցը։

Խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանը նշել է, որ խաղողագործության եւ գինեգործության առումով Արցախը շատ մեծ ներուժ ունի եւ հիմնադրամը պատրաստ է ավելի սերտորեն աշխատել արցախյան գինեգործական ընկերությունների հետ։ ԱՀ գյուղատնտեսության նախարար Աշոտ Բախշիյանը, նշելով խաղողագործության եւ գինեգործության ոլորտի կարեւորությունը Արցախի համար, անդրադարձել է ոլորտի խնդիրներին, որոնք հիմնականում մարկետինգային բնույթի են։ Պարոն Բախշիյանն ակնկալում է հիմնադրամի աջակցությունը հենց արցախյան գինիների մարկետինգի ուղղությամբ, որի անհրաժեշտությունն ունեն նույնիսկ համաշխարհային ճանաչում ունեցող արցախյան բրենդները։  «Հուսով եմ, որ հիմնադրամի, համալսարանի և նախարարության սերտ գործակցության շնորհիվ մենք կունենանք մեր երազած գիտակրթական հենքի վրա կառուցված գյուղատնտեսությունը»,- նշել է նախարար Բախշիյանը:

«Տուր դը Արցախ» վերտառությունը ստացած հագեցած այցը ՀԱԱՀ պատվիրակությունը շարունակել է՝ հանդիպում ունենալով Արցախի Հանրապետության տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանի հետ։ Հանդիպմանը մասնակցում էր նաեւ Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը։ Ի դեպ, նախարար Միրզոյանը կարեւոր է համարել նախարարության գործակցությունը թե ՀԱԱՀ-ի եւ թե Շուշիի տեխնոլոգիականի հետ, նշելով, որ հենց բազմակողմ համագործակցությունը հնարավորություն կտա էական ձեռքբերումներ ունենալու, մասնավորապես, գյուղատնտեսության զարգացման, բնապահպանական, ջրային ռեսուրսների ճիշտ կառավարման, պարենային խնդիրների լուծման գործում։ Պարոն Միրզոյանն այս առումով մեծապես կարեւորում է գործընկեր համալսարանների ռեսուրսների օգտագործմամբ մասնագետների վերապատրաստման հարցը։

ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը տեղեկացրել է, որ համալսարանի 90-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների արցախյան մեկնարկը հետապնդում է գործնական նպատակ՝ տարբեր կառույցների հետ հանդիպումների միջոցով վեր հանել խնդիրներ եւ ձեռնարկել դրանց լուծմանը նպատակաուղղված կոնկրետ քայլեր։ Նա հավաստիացրեց, որ Ագրարային համալսարանի գիտական ներուժը այսուհետ եւս կօգտագործվի ի շահ Արցախի զարգացման։ «Պետական կառավարման համակարգում ի հայտ եկած խնդիրները համագործակցության շրջանակում կկարողանանք լուծել կարճ ժամկետում եւ ճշգրիտ ձևով», – ասաց պարոն Ուռուտյանը։

«Տուր դը Արցախը» շարունակվում է։ Հաջորդիվ կներկայացնենք այցի այլ մանրամասներ, այդ թվում մեր պատվիրակության հանդիպումը ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի, ԱՀ կրթության նախարարի եւ ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի եւ զբոսաշրջության նախարարի հետ։

Մեր պատվիրակությունը շնորհակալ է Շուշիի տեխնոլոգիական համալսարանի մեր գործընկերներին՝ այցը բարձր մակարդակով կազմակերպելու եւ անցկացնելու համար։