Սիրելի ուսանողներ, այսօր՝ նոյեմբերի 17-ը Ուսանողների միջազգային օրն է, եւ շատ կուզենայի ձեզ ողջունել մեր ազգային իղձերի ու իդեալների հերթական անվերապահ հաղթանակի դիրքերից։ Սեպտեմբերի 27-ին սկսված աննախադեպ դաժան պատերազմը, որ Արցախի դեմ սանձազերծել էին մեր դարավոր թշնամի երկրները՝ վարձկան ահաբեկիչների եւ մի քանի երկրների ռազմական ու քաղաքական ակտիվ աջակցությամբ՝ այս հանգրվանում մեզանից ժամանակավորապես խլեց հաղթանակը։
Հինգերորդ սերնդի այս պատերազմը, սակայն, հայ զինվորի հերոսացման անհամար դրվագներ արձանագրեց։ Նրանց եւ իրենց հրամանատարների խիզախությունը, բնատուր հայկական հանճարեղ միտքն ու հայրենիքին նվիրվածությունը հայ ժողովրդի պատմության մեջ նոր շրջադարձի հիմք են դրել։ Այսօրվա ժամանակավոր նահանջի գլխավոր դասը մենք ձեզ հետ միասին լավ «սերտելով» միայն կկարողանանք առաջիկա տարիներին հասնել այդ մեծ շրջադարձին։ Այդ շրջադարձը վստահաբար լինելու է, քանի որ երկիրը հզորանալու եւ հաղթելու այլընտրանքը չունի։
Ցավոք, մեր ազգային տեսլականի ձեւակերպման ու դրան հասնելու ճանապարհին սանձազերծված վերջին պատերազմում մենք կորցրեցինք մեր հարուրավոր պայծառ երիտասարդների, այդ թվում՝ բազմաթիվ ուսանողների կյանքը։ Միայն Ագրարային համալսարանից հանուն Հայրենիքի նահատակվեցին տասնյակ ուսանողներ։ Նրանց հետ են հիմա մեր մտքերը, մեր աղոթքներն ու մեր վստահ խոստումը՝ արժանի լինել իրենց մեծագործությանը եւ մեր ամենօրյա որակյալ աշխատանքով ու ուսմամբ հասնել այն իդեալների իրականացմանը, հանուն որոնց նրանք տվեցին իրենց կյանքը։ Խոնարհում նրանց պայծառ հիշատակին եւ հավերժ փառք մեր հերոսներին։
Սիրելի ուսանողներ, շնորհավորում եմ Ուսանողների միջազգային օրվա առթիվ, մաղթում նախեւառաջ մշտակայուն խաղաղություն, որ ձեզ հետ միասին դեռ պիտի պարտադրենք թշնամիներին։ Մաղթում եմ նաեւ, որ ձեր առջեւ դնեք ճիշտ նպատակներ եւ հասնեք դրանց աշխատասիրությամբ, նախաձեռնողականությամբ, սիրով ու նվիրվածությամբ։ Մշտապես ընդլայնեք ձեր մտահորիզոնն ու իսկական բարեկամների ցանցը Հայաստանում եւ աշխարհում։ Մենք դեռ շատ ու մեծ գործեր ունենք անելու, գործեր, որ չհասցրեցին անել ձեր զոհված եղբայրները։
- 17/11/2020
- 2020