ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանի ուղերձը Երիտասարդության միջազգային օրվա առթիվ

Այսօր Երիտասարդության միջազգային օրն է, եւ այս գեղեցիկ առիթով շնորհավորում եմ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի բոլոր ուսանողներին, երիտասարդ դասախոսներին ու գիտնականներին։

ՄԱԿ-ի 1999թ.-ի համապատասխան որոշմամբ տոնը նշվում է սկսած 2000 թ.-ի օգոստոսի 12-ից։ Ի սկզբանե եւ այսօր էլ տոնը նշելու նպատակը ամբողջ աշխարհում երիտասարդության մշակութային եւ իրավական խնդիրների վրա կառավարությունների ուշադրությունը հրավիրելն է։ Տոնն ուղեկցվում է մշակութային իրադարձություններով, աշխատաժողովներով, պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների եւ երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների հանդիպումներով։ Այս տարի, բնականաբար, գործում են Քովիդ-19-ով պայմանավորված սահմանափակումները։

Ամեն տարի տոնը նշվում է կոնկրետ կարգախոսով։ Այս տարվա կարգախոսն է՝ «Երիտասարդության ներգրավվածությունը համաշխարհային գործողությանը»։ Այս կարգախոսը համահունչ է մեր ուսանողներին մշտապես ակտիվության, ինքնուրույնության ու նախաձեռնողականության մղելու մեր սկզբունքին։

Սիրելի ուսանողներ եւ երիտասարդ գործընկերներ, Երիտասարդության միջազգային օրվա առթիվ ես նախեւառաջ մաղթում եմ, որ հնարավորինս շուտ վերստանաք առանց սահմանափակումների սովորելու, աշխատելու, ստեղծագործելու, ձեզ հետաքրքրող ու ձեզ համար կարեւոր հարցերը տարբեր ձեւաչափերով ու տարբեր ատյանների հետ քննարկելու ու ինքնուրույն որոշումներ կայացնելու ձեր հնարավորությունները։ Ցանկանում եմ նաեւ, որ Ագրարային համալսարանի ամբողջ երիտասարդությունը դառնա համալսարանում ընթացող արմատական բարեփոխումների ակտիվ մասնակիցն ու շարժիչ ուժը։

Ձեր երիտասարդությունն ու ավյունն օգտագործեք հանուն ձեզ, ձեր ծնողների ու մերձավորների եւ մեր Հայրենիքի։