ՀԱԱՀ ուսանողուհին Վայհենշտեֆանի համալսարանում դասավանդում է իր հավասարակիցներին

ՀԱԱՀ-ի եւ Գերմանիայի Վայհենշտեֆան Թրիսդորֆի կիրառական գիտությունների համալսարանի միջեւ տարիներ ի վեր ծավալված գործակցության շրջանակում  այս պահին այդ համալսարանում իրենց ուսումն են շարունակում ՀԱԱՀ-ի «Ագրարային մենեջմենթ» միջազգային մագիստրոսական ծրագրի 12 ուսանողներ: Նրանք այն լավագույններն են, ովքեր ինչպես Հայաստանում էին աչքի ընկնում առաջադիմությամբ եւ բարձր ակտիվությամբ, այնպես էլ այսօր՝ Գերմանիայում:

ՀԱԱՀ-ի «Ագրարային մենեջմենթ» միջազգային մագիստրոսական ծրագրի ղեկավար Անի Պետրոսյանը հաճույքով տեղեկացրեց, որ վերջերս վերոնշյալ ուսանողներից մեկը` Սվետլանա Ավագյանը, որպես Վայհենշտեֆանի համալսարանի «Ագրարային մենեջմենթ» միջազգային մագիստրոսական ծրագրի իրենց կուրսի լավագույն ուսանող, այդ համալսարանում ընդունվել է աշխատանքի որպես ասիստենտ, ինչպես նաեւ նշանակվել դասընթացավար. Սվետլանան վերոնշյալ կրթական ծրագրի հայ ուսանողներին դասավանդում է Բիզնես կառավարում եւ Գյուղատնտեսական արտադրության էկոնոմիկա առարկաները: Դասախոսական աշխատանքը նա, բնականաբար, կատարում է դասերից դուրս, շաբաթական 4 ժամ ծանրաբեռնվածությամբ:

Անշուշտ, Վայհենշտեֆան Թրիսդորֆի կիրառական գիտությունների համալսարանում մեր ուսանողների նման հաջողությունները եզակի չեն, ավելին՝ օրինաչափություն են  դարձել: Այս փաստը եւս մեկ անգամ վկայում է այն մասին, որ Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանի «Ագրարային մենեջմենթ» միջազգային մագիստրոսական ծրագրում Հայաստանի ազգային ագրարային համալսարանով ներկայացված Հայաստանը եղել է եւ շարունակում է մնալ առաջատարը իր ուսանողների բարձր առաջադիմության, բազմակողմանի զարգացածության, միջազգային մակարդակի արդիական բիզնես կրթության չափորոշիչները բավարարելու տեսակետից», – նշում է տիկին Պետրոսյանը, որն իր ծանրակշիռ ավանդն ունի «մերոնք դրսում»  ձեւաչափով հաջողության այնպիսի պատմությունների կերտման գործում, ինչպիսին Սվետլանայինն է: