Կանաչ արահետը մեկտեղել էր կանաչ գյուղատնտեսության ոլորտի շահակիցներին

Ապրիլի 10-ին ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը մասնակցեց «Կայուն Գյուղատնտեսությունը Կանաչ Ապագայի Երաշխիք» խորագրով համաժողովին, որը կազմակերպել էր Կանաչ արահետ ՀԿ-ն՝ Ձորաղբյուրում գտնվող Ուսուցման կանաչ կենտրոնում: «Հայկավանում փոքր ֆերմերների կենսապայմանների բարելավում՝ կարողությունների զարգացում եւ կայուն տնտեսական կառուցվածքների ստեղծման միջոցով» նախագծի շրջանակում կազմակերպված երկօրյա համաժողովի նպատակը շահակից ֆերմերային խմբերի ու կազմակերպությունների հետ փորձի փոխանակումն էր: Նախագիծն իրականացնում է Կանաչ արահետ ՀԿ-ն «Հույսի նշան» միջազգային կազմակերպության հետ՝ Գերմանիայի Դաշնության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության աջակցությամբ։

Պարոն Ուռուտյանը ներկայացրեց վերջին երկուսուկես տարում Ագրարային համալսարանում իրականացված բարեփոխումները, համալսարանի կողմից առաջարկվող նոր կրթական ծրագրերը, Հայաստանի տարբեր մարզերում համալսարանի մասնագետների կողմից ֆերմերներին եւ ագրոբիզնեսի ոլորտին ցուցաբերվող փորձագիտական եւ խորհրդատվական օժանդակությունը, Կանաչ արահետ ՀԿ-ի հետ երկարամյա արդյունավետ գործակցության շարունակական դրական արդյունքները, կանաչ, հարակայուն, օրգանական եւ ճշգրիտ գյուղատնտեսության զարգացման ուղղությամբ համալսարանում իրականացվող եւ նախանշվող աշխատանքները:

Համաժողովը լավ հանգրվան էր գնահատելու Հայաստանում կանաչ գյուղատնտեսության զարգացման առաջին քայլերը եւ նախանշելու դրա ապագան, ինչպես նաեւ հստակեցնելու շահակիցներից յուրաքանչյուրի ունենալիք ներդրումն այդ գործում:

Եվրամիության Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում (EU-GAIA) նախագծի ղեկավար Պասկալ Բոկերսը նշեց. «Մենք չենք քննարկում, թե արդյոք մենք ուզու՞մ ենք զարգացնել հարակայուն կանաչ գյուղատնտեսությունը, այլ քննարկում ենք, թե ինչպես անցում կատարենք դեպի կանաչ գյուղատնտեսություն, եւ պարզ է, որ այս հարցում մենք միմյանցից շատ բան ունենք սովորելու»:

Ագրարային համալսարանի լավ բարեկամի այս միտքը առավելապես վերաբերում է ՀԱԱՀ-ին ու Կանաչ արահետին, որոնք ոլորտի զարգացման հրամայականին ընդառաջ՝ արդեն իրականացնում են կրթական, հետազոտական, խորհրդատվական բնույթի նպատակային ծրագեր ու նախագծեր:

Կանաչ արահետի մարկետինգի գծով մենեջեր Ստելլա Սարուխանյանը հետաքրքրական հայտարարություն արեց. ՀԿ-ի 5 անդամներ, այդ թվում ինքը՝ տիկին Ստելլան, որոշել են ընդունվել Ագրարային համալսարան եւ ստանալ երկրորդ կրթությունը: Ընդ որում, բոլոր էլ բարձրագույն, ներառյալ մագիստրոսական կրթություն ունեցող կայացած պրոֆեսիոնալներ են: Նրա նպատակն է ՀԱԱՀ-ի մագիստրատուրայում խորացնել գիտելիքները հարակայուն գյուղատնտեսության ոլորտում: «Ագրարային համալսարանում տեսանելի եւ շոշափելի հրաշալի բարեփոխումներ են եղել պարոն Ուռուտյանի մեծ ջանքերի, պրոֆեսիոնալիզմի եւ նվիրման շնորհիվ»,- ասում է տիկին Սարուխանյանը: