Արկադի Տեր-Թադեւոսյան՝ ճշմարտության գեներալ

Arkadi Ter-Tadevosyan komandos

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի՝ նախկին Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի 70-ականների ուսանող տղաները բախտ են ունեցել լինելու ինստիտուտի այն ժամանակվա ռազմական ամբիոնի դասախոս Արկադի Տեր-Թադեւոսյանի սաները: Թե ռազմարվեստի, հայրենասիրության, արիության, համեստության ինչ գեղեցիկ դասեր են եղել դրանք՝ այսօր էլ հիշում են Կոմանդոսի՝ արդեն սպիտակահեր ու երախտապարտ սաները:

Լեգենդար հրամանատար, մարտական ու ազգային արժեքների գեներալ, Ճշմարտության գեներալ, ռազմական հանճար եւ առինքնող անհատականություն, որ երբեւէ չի ընկրկել, չի կեղծել, չի շփոթել հավերժականն ու այսրոպեականը:

Ագրարարային համալսարանի ամբողջ հանրույթը եւ տարբեր տարիների բազմահազար շրջանավարտները վշտացած են, ինչպես եւ ողջ հայությունը: Վերջին անգամ Կոմանդոսը մեր համալսարանում եղել է 2019թ. մարտին, որպես վարժարանի՝ Շուշիի ազատագրմանը նվիրված գեղեցիկ միջոցառման պատվավոր հյուր…

Կոմանդոսի երկրային ընթացքը կանգ առավ իր եւ մեր Շուշիի շատ ցավոտ անկումից, Հայրենիքի ի´ր ազատագրած նվիրական տարածքների շատ ցավոտ կորստից հետո, Հայրենիք, որ հիմա նորից սպասման ռեժիմում է հայտնվել եւ սպասում է իր նոր Կոմանդոսին…

Արկադի Տեր-Թադեւոսյան վիթխարի, գեղեցիկ եւ ճշմարիտ երեւույթը ժամանակների հոլովույթում դեռ լուսավորելու է հայության դարձի ճանապարհը դեպի Հայոց Արեւելից կողմանք եւ, այսօր լքված իր պապենական Խարկով գյուղով ու քաղաքամայր Անիով՝ դեպի Արեւմուտք: