Ռեկտոր Վարդան Ուռուտյանը հանդիպել է Այբ դպրոցի աշակերտների հետ

Ռեկտոր Վարդան Ուռուտյանն օրերս հյուրընկալվել էր «Այբ» ավագ դպրոցում։ Դպրոցի աշակերտների հետ հանդիպումից առաջ նա շրջայց կատարեց Այբ հիմնադրամի նախագահ Արամ Փախչանյանի ուղեկցությամբ։ Պարոն Ուռուտյանը տպավորված էր դպրոցի լաբորատորիաներով, ներառյալ ֆաբլաբով, նոր մասնաշենքերով, մարզադաշտերով ու մարզադահլիճներով, ստեղծագործական առինքնող միջավայրով։

Աշակերտները հիշարժան հանդիպում ունեցան ռեկտոր Ուռուտյանի հետ, որը խոսեց մասնագիտական կողմնորոշման եւ Հայաստանում գյուղատնտեսություն 4․0-ի (ճշգրիտ գյուղատնտեսության, իրերի համացանցի եւ մեծ տվյալների վրա հիմված գյուղատնտեսություն) զարգացման, աշխարհում եւ Հայաստանում պարենային եւ սննդի անվտանգության մարտահրավերներին դիմակայելու հնարավորությունների մասին։

Ռեկտոր Ուռուտյանը այբեցիներին հաղորդակից դարձրեց մեր երկրի գյուղատնտեսության ոլորտում արտադրողականության աճի հրամայական խնդրի լուծման ուղիներին․ դրանք սերտորեն առնչվում են խելացի, ճշգրիտ, ուղղահայաց գյուղատնտեսության, արհեստական բանականության, կենսատեխնոլոգիաների զարգացմանը։ Տեղեկացրեց, թե Ագրարային համալսարանն ինչ քայլեր է անում գյուղատնտեսության զարգացման հաջորդ դարաշրջանը իրականություն դարձնելու համար։