Երեկ՝ մայիսի 14-ին, տեղի ունեցավ ռեկտորատի հերթական նիստը՝ ռեկտոր Հրաչյա Զաքոյանի նախագահությամբ։ Նախորդ նիստի որոշումների կատարողականի մասին ռեկտորատի քարտուղար Էմմա Մխեյանի զեկուցումից հետո ռեկտորատը քննարկեց փորձուսուցումների կազմակերպման արդյունավետության հարցը՝ Ուսումնական գործընթացի կառավարման վարչության պետ Արմեն Աղասարյանի զեկուցումից հետո։
2025 թ․ սեպտեմբեր-նոյեմբեր ժամանակահատվածում փորձուսում է անցել 325 ուսանող։ Զեկուցումից եւ քննարկումից ակնհայտ դարձավ, որ փորձուսուցման, այն է՝ աշխատանքային կիսամյակի արդյունավետության ու նպատակայնության առումով առաջընթացը շարունակվում է։ Մեկ-երկու դեպքում՝ սեփական բիզնեսում աշխատանքային կիսամյակ անցնող ուսանողի փորձուսուցման թեման չի համապատասխանել բուն արտադրական իրողություններին։ Առավել կարեւոր է աշխատանքային կիսամյակի՝ որպես նոր մշակույթի, արմատավորմանն առնչվող դժվարությունների հաղթահարումը որոշ գործատուների շրջանում։ «Աշխատանքային կիսամյակը մեր բուհի տարբերիչ առանձնահատկություններից մեկն է, եւ եթե գործատուն, որին վերապահված է ուսանողի փորձուսուցման գնահատականի 70 տոկոսի իրավունքը, «լավամարդ» դառնալու ձգտումով, կեղծ գնահատական է հրամցնում, օր առաջ դադարեցնում ենք իր հետ համագործակցությունը։ Մենք շարունակելու ենք առաջ տանել արդեն ձեւավորված առողջ համակարգը, ներառյալ՝ գործատուի համար գնահատման չափանիշներ մշակելով, նրան մասնագետ պատրաստելու գործում ավելի շատ ներգրավելու մշակույթը զարգացնելով։ Առանց գործատուի մասնագետ պատրաստող բուհը դատապարտված է», – ասաց ռեկտոր Զաքոյանը։
Ի դեպ, հայ-ֆրանսիական համագործակցության շրջանակում մրցույթը հաղթահարած 7 ուսանող աշխատանքային կիսամյակն անցկացնելու է Ֆրանսիայում։ Յոթից 6-ը Ագրոնոմիականի ուսանողներ են, եւ դեկան Արմենակ Տեր-Գրիգորյանը ռեկտորատին տեղեկացրեց, որ նրանք արդեն մեկնել են Ֆրանսիա եւ սկսել իրենց աշխատանքային կիսամյակը այգիներում, ջերմատներում, պահեստներում եւ այլուր։ Մեկը՝ Անասնաբուժականից, կմեկնի հունիսին։
Ռեկտորատը քննարկեց նաեւ ուսումնական պարապմունքների կազմակերպման ընթացքի, խնդիրների եւ բարելավման ուղիների մասին օրակարգային հարցը։
ՈԳԱ կենտրոնի անցկացրած դասալսումների արդյունքների վերլուծությամբ հանդես եկավ կենտրոնի տնօրեն Աննա Դաշտոյանը։ Ըստ այդմ, գնահատվել են դասավանդման մեթոդները եւ ակադեմիական մոտեցումների որակը, դասընթացների անցկացման արդյունավետությունը, առարկայական ծրագրերի կատարումը, ուսանող-դասախոս փոխգործակցության արդյունավետությունը եւ բացահայտվել դասավանդման լավագույն փորձը՝ հետագա տարածման նպատակով։ ՈԳԱ կենտրոնի տնօրենը նշեց, որ ավելացել է դասավանդման մեթոդների թիվը, բարձրացել արդյունավետությունը, թեպետ որոշ դեպքերում բացակայում է տրամաբանական կապը նախորդ նյութերի հետ։ Առարկայական ծրագրերի կատարման եւ ուսանող-դասախոս կապի առումով լուրջ մտահոգություններ չկան։ Տիկին Դաշտոյանը բերեց տարածման արժանի լավագույն փորձի օրինակներ, որոնց հիման վրա, ռեկտոր Զաքոյանի առաջարկով, ռեկտորատը «հանպատրաստից» որոշում կայացրեց լավագույն օրինակ ցույց տված դասախոսներից երեքին դրամական պարգեւ հատկացնել։ Պարոն Զաքոյանը շնորհակալություն հայտնեց ՈԳԱ կենտրոնին՝ դասավանդման եւ ուսումնառության որակի բարձրացման՝ համալսարանի հռչակած գործելակերպի իրականացմանը նպաստող հետեւողական ջանքերի համար։





















