Խոհարարական տեսակետից բարձրաքիմք-նրբազգաց ֆրանսիացիներին հեշտ չէ հիացնելը, բայց մեր ուսանողուհիները՝ զեկույցի ղեկավար տիկին Սահակյանի հետ միասին կարողացել են ճագարի մսից պաշտետի նոր համ եւ որակ ստանալ: Քոլեջի անասնաբուժություն մասնագիտության երկրորդ կուրսեցին օտիտ ախտանիշի շատ կարեւոր բնութագրիչ է հստակեցրել ու բուժում է գտել՝ դարձյալ ղեկավարի, տիկին Հակոբյանի հետ միասին: Արմեն Սոլոմոնյանի սանն էլ մանգոյից գարեջուր է «կերտել», եւ համոզված են, որ այն կարող է արտադրական ծավալներ ունենալ ու համակիրներ ու շուկա նվաճել:
Ուսանողական գիտական ուսումնասիրության նյութ է դարձել Երեւանի մեքենաների կայանման խնդիրը, եւ իբրեւ լուծում՝ առաջարկվում է բազմահարկ մոդուլներ տեղադրել գերծանրաբեռնված երթեւեկությամբ շրջաններում:
Ագրոնոմ ուսանողները շուտով շիիտակե սնկի եւ կոմպոստի փոքր արտադրություն հիմնելու հնարավորություն կունենան եւ կոմպոստը կօգտագործվի համալսարանի ջերմատանը: Տեխնոլոգներն էլ քաղցր հեղափոխություն էին արել՝ ստեղծելով չիչխանի (լափռի) շոկոլադ։
Անշուշտ անխուսափելիորեն կային նաեւ ռեֆերատիվ բնույթի զեկուցումներ, բայց այդ փորձառությունը կօգնի, որ հեղինակները հաջորդ տարի ավելի հիմնավոր պատրաստվեն Ագրարայինի երիտասարդական գիտատոնին:
Լիագումար նիստի ընթացքում եզրափակիչ փուլ դուրս եկած 15 (յուրաքանչյուր ֆակուլտետից երեքական) զեկույց ներկայացվեց: Ամեն ֆակուլտետից հաղթեց մեկ աշխատանք՝ իսկապես լավագույնը:
-Գիտական շաբաթը կայացավ,- ապրիլի 18-ին այն ամփոփելիս ասաց ՀԱԱՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Գագիկ Թովմասյանը,-շնորհակալություն ամբիոններին, դասախոսներին, ՈՒԳԸ երիտասարդներին, որոնք ահռելի աշխատանք են կատարել: Ուրախալի է հատկապես քոլեջի ուսանողների մասնակցությունը, սա շարունակականության կարեւոր նախապայման է:
Մրցութային հանձնաժողովի նախագահ, գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Հրաչյա Ծպնեցյանը պատվոգրեր հանձնեց հաղթողներին՝ մագիստրանտ Արա Եսոյանին (Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետ), Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի բակալավրիատից Քրիստինե Առաքելյանին եւ Հովհաննես Գյուրջինյանին, Ագրոնոմիականից՝ քոլեջի 2-րդ կուրսից Էրիկ Հոխանյանին, Անասնաբուժականից՝ քոլեջի 2-րդ կուրսից Ալեն Մանուկյանին, Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետից՝ քոլեջի անասնաբուժություն մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող Կատրին Գյուրջինյանին: Պրոռեկտոր Գագիկ Թովմասյանը շնորհակալագրեր հանձնեց ուսանողների հետազոտական աշխատանքները ղեկավարած դասախոսներին:
-Առանց երիտասարդների գիտություն չի լինում: Իսկ աշխարհը համակած խնդիրները մեծ մասամբ ուղիղ առնչվում են մեր ոլորտին: Կարեւոր է, որ բոլոր թեմաները արդիական էին եւ կրթություն-գիտություն-արտադրություն կապն անխափան է գործում,-ասաց Հրաչյա Ծպնեցյանը:
Իսկապես, վերջին տարիներին ամենալավ պատկերը գծագրվեց այս հագեցած շաբաթվա ընթացքում: Եւ պետք է շեշտել ՈԻԳԸ նախագահ Մարիամ Դանիելյանի, ֆակուլտետային կառույցների նախագահների համախմբված, ներդաշնակ աշխատանքը: Ի դեպ, հենց նրանք էլ անաչառ ու խիստ կատարել էին նախնական ընտրությունը:
Շնորհավորում ենք բոլորին:














