ՈՒԳԸ 26-րդ գիտաշրջան․ Տնտեսագիտության ֆակուլտետի առաջին կուրսեցիներն արեցին առաջին, կարեւոր քայլը՝ «անցան Ռուբիկոնը»

Ապրիլի 15-ին Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերությունը մեկնարկեց ՀԱԱՀ ՈՒԳԸ 26-րդ տարեշրջանը։ Նիստի մեկնարկին ընդգրկված էին առաջին կուրսեցիների զեկուցումները: Մի խոսուն հանգամանք. բոլոր աշխատանքները ղեկավարել էր Ագրարային էկոնոմիկա ամբիոնի դոցենտ Հասմիկ Ջաներյանը: Դասախոսը ջանացել էր, որ թիմային աշխատանք կատարվի, ներգրավել էր նաեւ խելացի-«չխոսկան» երիտասարդներին: Շատ կարեւոր է, որ գիտական աշխատանք կատարելու, բարդույթները հաղթահարել-կոտրելու, լսարանի առջեւ անկաշկանդ հանդես գալու առաջին փորձը կատարվի հենց սկզբից: Եւ իբրեւ  առաջին փորձ՝ ուսանողները փայլուն հանդես եկան: Բնականաբար, բարձր կուրսեցիներն ավելի փորձառու էին: Հենց այս հրաշալի գործընթացն էլ թերևս  կոչում են գիտության սերնդափոխություն:

Ֆակուլտետի ժյուրիի առջեւ ծանր ընտրություն է դրված․ լավերից ընտրել երեք լավագույնին՝ ՈՒԳ համալսարանական լիագումար նիստում հանդես գալու համար: Սակայն նկատենք, որ բոլորն արդեն հաղթող են, հաղթել են մասնակցությամբ, հաղթահարել են կաշկանդվածությունը, ներքին վախերն ու երկյուղածությունը:

Երիտասարդներին խրախուսեցին եւ զեկուցումները բարձր գնահատեցին ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Գագիկ Թովմասյանը, գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Հրաչյա Ծպնեցյանը, ֆակուլտետի դեկան Հրաչյա Գրիգորյանը:

Գիտելիքահենք, տվյալները ստույգ վերլուծելու կարողությունները ինքնին մշակութային արժեքներ են: Նվաճումներ, որ անկյունաքար-խարիսխ են դառնում ավելի մեծ հայտնագործությունների համար: Նրանցից շատերն արդեն փայլուն կերպով անցել են Ռուբիկոնը…