Հայաստանի ազգային ագրարային համալսարանում վերջին տարիներին ներդրված նորամուծություններին ավելացել է եւս մեկ ուշագրավն ու նշանակալիցը․ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի 2025 թ․ սեպտեմբերի 16-ի 28-Լ հրամանով հաստատել է «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի վարժարանի եւ «Ագրոտեխնոլոգիա» մասնագիտական կողմնորոշման դասընթացն ավարտած Հայաստանի Հանրապետության Տավուշի եւ Սյունիքի մարզերի հանրակրթական ուսումնական հաստատությունների շրջանավարտների՝ բակալավրի կրթական ծրագրով Հայաստանի ազգային ագրարային համալսարան եւ մասնաճյուղեր հեռակա ուսուցմամբ փորձնական ընդունելության կարգը։
Շնորհավորում ենք Ագրարային համալսարանի հանրությանը եւ պոտենցիալ շահառուներին՝ ՀԱԱՀ-ի՝ դեռեւս 4 տարի առաջ սկիզբ առած նախաձեռնության տրամաբանական հանգուցալուծման առիթով։ ԿԳՄՍ նախարարի այս հրամանը սկիզբ է դնում ՀԱԱՀ վարժարանի եւ Տավուշի եւ Սյունիքի մարզերի միջնակարգ կրթական հաստատությունների՝ «Ագրոտեխնոլոգիա» եւ համապատասխան այլ առարկաների կրեդիտների՝ ՀԱԱՀ-ի կողմից ճանաչման առաջավոր փորձին։ Ընդ որում, ուսանողն ազատվում է ճանաչված առարկաների ուսումնական պարապմունքներից, ատեստավորումից եւ վճարում է միայն այն առարկայական դասընթացների (մոդուլների) համար, որոնք ուսումնառելու է:
Նախարարի հրամանին եւ վերոնշյալ տարակարգը բավարարող հավակնորդների՝ հեռակա ուսուցմամբ փորձնական ընդունելության կարգին ամբողջությամբ կարելի է ծանոթանալ այստեղ։
Փաստաթղթերը ընդունվում են մինչև հոկտեմբերի 17-ը ներառյալ։